ՀՍՀ/ՀԵԹՈՒՄ
ՀԵԹՈՒՄ, Հեթում պատմիչ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ պատմագիր, պետական գործիչ: Սերում էր Հեթումյան տոհմից: Եղել է հայոց սպարապետ (1294– 1305), վարել մի շարք հաղթական ճակատամարտեր հարևան մահմեդական իշխանությունների (հատկապես Եգիպտական սուլթանության) դեմ: 1305–ին սպարապետությունն իր որդի Օշինին հանձնելով` ընդունեց լատինադավանություն, մեկնեց Կիպրոս` կրոնավորելու: 1307–ին Կղեմես V պապի հանձնարարությամբ գրեց թաթար–մոնղոլների պատմությունը, որը արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արևելքի, Հայաստանի, Կովկասի ու հարակից երկրների մասին: Հ–ի երկասիրությունը գրվել է միջնադարյան ֆրանսերենով, ապա վերածվել լատիներենի (հետագայում թարգմանվել ֆրանս., իտալ., անգլ., հոլանդ, ևն): 1842–ին Մ. Ավգերյանը լատիներենից թարգմանեց գրաբար` նրան կցելով նաև Հեթումի անունով հայտնի ժամանակագրությունը, որն ընդգրկում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպական պետությունների 1096–1307 թթ. շրջանի պատմությունից:
Երկ. Հեթում Պատմիչ, Պատմություն թաթարաց, Վնտ., 1951:
Գրկ. Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901: Абгарян Г. В., Архетип «Татарской хроники» Гетума, использованный в «Любекской хронике» Детмара, «ՊԲՀ», 1978, 1.
