Jump to content

ՀՍՀ/ՀԵԹՈՒՄՅԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵԹՈՒՄՅԱՆՆԵՐ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում: Հ–ի իշխանության հիմնադիրը` Հեթումի որդի Օշին Ա, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073–ին իր ազգատոհմով Կիլիկիա էր տեղափոխվել Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից: Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին Օշինին պարգևեց Լամբրոն բերդը` շրջակա հողերով ու գյուղերով հանդերձ, որտեղ նրա հաջորդները, գործակցելով Բյուզ. կայսրությանը, ժառանգաբար իշխեցին մինչև XIII դ. սկիզբը: Օշինին հաջորդեց որդին` Հեթում Բ իշխանը (XII դ. առաջին կես), որը Լամբրոնը, որպես ժառանգություն, թողեց ավագ որդուն` Օշին Բ–ին, իսկ Պապեռոն բերդը և շրջակայքը` կրտսերին` Սմբատ Նաթանայելյանին: Դսաերը կնության տվեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Պահլավունու (1113–1166) եղբորը` Վասիլին (Գրիգոր Մագիստրոս Բջնեցու թոռը): Ռուբինյան Մեծ իշխան Թորոս Բ–ի դեմ Բյուզանդիային զինակցող Սմբատը մարտում սպանվեց (1152), իսկ Օշին Բ գերեվարվեց: Պապեռոնում Սմբատին հաջորդեց որդին` Բակուրանը, որը քրոջը` Ռիթային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղբայր Ստեփանե իշխանին: Վերջինիս սպանությունից (1165) հետո նրա զավակներ Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բակուրանի խնամատարությամբ` Պապեռոնում: Բակուրանին հաջորդեց եղբայրը` Վասակ իշխանը: Օշին Բ ազատվեց Թորոսին 40 հզ. ոսկի փրկագին վճարելուց և մանկահասակ որդի Հեթումին (ծն. 1151) պատանդ թողնելուց հետո: Օշին Բ–ի կրտսեր որդին էր Ներսես Լամբրոնացին (ծն. 1153), դուստրերը` Տալիթան և Շուշանը: Հեթում Գ իշխանը, ամուսնանալով Թորոս Բ–ի դստեր հետ, ազատվեց պատանդությունից և 1175–ին հորից ժառանգեց Լամբրոնի իշխանությունը: Ռուբինյան իշխաններ Մլեհի ն Ռուբեն Բ–ի` Լամբրոնը գրավելու փորձերն ավարտվեցին անհաջողությամբ: 1201–ին Լևոն Բ Մեծ թագավորը խնամիանալու պատրվակով Հեթում Գ–ին հրավիրեց Տարսոն, ձերբակալեց նրան և առանց մարտի գրավեց Լամբրոնը: Հեթում Գ այնուհետև նվիրվեց կրոնավորության` կրելով Հեղի նոր անունը (մահ. 1212–ի և 1218–ի միջև): Պապեռոնի տեր Վասակ իշխանի որդի Կոստանդինը դարձավ Հայոց բանակի սպարապետը, իսկ Լևոն Բ Մեծի մահից (1219) հետո` պետության խնամակալը (պայլ): 1126–ին Կոստանդինը որդուն` Հեթումին (տես Հեթում Ա) պսակելով Լևոն Բ–ի գահաժառանգ դուստր Զաբելի հետ, նրան հռչակեց Հայոց թագավոր, որը և դարձավ Հ–ի արքայատան հիմնադիրը: Կոստանդինի ավագ որդի Սմբատը նշանակվեց սպարապետ (տես Սմբատ Սպարապետ), մյուս որդիներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մատակարարման հրամանատար` մարաջախտ, Օշինը` պայլ և Կոռիկոսի բերդատեր, Բարսեղը` Սսի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր: Հեթում–Հեղու կրտսեր որդուն` Կոսաանդին Լամբրոնացուն, շնորհվեց թագադրության գործակալությունը: Արա որդու` Հեթում իշխանի դուստրերից Կիո Աննան (Կեռան) ամուսնացել էր Հեթում Ա թագավորի գահաժառանգ որդի Լևոնի, իսկ Ալիծը` Կիպրոսի թագավորության սենեսկալ Փիլիպպոս Իբլինացու հետ: Հեթում իշխանի եղբայր Օշինը 1274–94–ին վարել է մարաջախտության գործակալությունը: Մարաջախտի պաշտոնը հաջորդաբար վարեցին նաև նրա որդիներ Հեթումը (1294–1307) և Սմբատը (1307–14): Հ–ի իշխաններից այնուհետև հիշատակվում են Հեթում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին պայլը, որոնք 1329–ին սպանվեցին Լևոն Ե թագավորի հրամանով: Հ–ի արքայատան գահացանկը. Հեթում Ա (1226–69), Լևոն Գ (1269–89), Հեթում Բ (1289–96, 1299–1301), Սմբատ (1296–98), Կոստանդին Բ (1298–99), Լևոն Դ (1301–08), Օշին (1308–20), Լևոն Ե (1320–42): Վերջինիս մահից հետո ընդհատվեց Հ–ի իշխող տոհմաճյուղը (արական գծով): Իշխանների խորհրդի որոշմամբ թագավոր հռչակվեց Հ–ի հեռավոր ազգական, Նղրի բերդապետ և մեծ մարաջախտ Կոստանդին Դ, որին հաջորդեց հորեղբորորդի Կոստանդին Ե:

Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Տեր–Ղազարյան Հ., Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966: Микаелян Г. Г., История Киликийского армянского государства, Е., 1952. Մ. Կատվալյան