ՀՍՀ/ՀԵԹՈՒՄ Ա
ՀԵԹՈՒՄ Ա (1213–1270), Հայոց թագավոր Կիլիկիայում, 1226–69–ին: Հայոց թագավորի արքայատան հիմնադիրը: Ֆիլիպ թագավորին 1225–ին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, Կոստանդին պայլը իր 13–ամյա որդի Հ–ին պսակել է Զաբել թագուհու հետ և հունիսի 14–ին հռչակել թագավոր (մինչև Հ–ի չափահաս դառնալը երկիրը շարունակեց կառավարել Կոստանդին թագավորահայրը): Հ–ի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները: Հզորացնելով ռազմ. ուժերը, ամրացնելով պետության սահմանները` Հ. վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտ. և մշակութային կյանքը: Թաթար–մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հ. 1243–ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղ. Բաչում Նոյին զորավարի հետ, իսկ 1254–ին, մոնղ. մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ (տես Հայ–մոնղոլական դաշինք 1254): 1256–59–ին մոնղոլների զինակցությամբ Հ. սանձել է Հալեպի ամիրայության, իկոնիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա, Մանիոն բերդերը, Մարաշ, Այնթապ, Թեհեստ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հվ. շրջանները, առժամանակ` Հյուսիսային Ասորիքի զգալի մասը` Հալեպ կենտրոնով, մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը: Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղ. աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266–ին 30–հազարանոց բանակով ներխուժել է Կիլիկիա, ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր (այդ թվում` Սիս մայրաքաղաքը): 1268–ի հուլիսին Հ. մի քանի սահմանային բերդերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, գերությունից ազատել որդուն` Լևոնին, և 1269–ին գահը նրան հանձնելով, մտել է վանք, ուր և մահացել է: Հ–ի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ:
Գրկ. Հեթում Պատմիչ, Պատմութիւն թաթարաց, Վնտ., 1951: Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956: Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Ե., 1961: Микаелян Г. Г., История Киликийского армянского государства, Е., 1952,
