ՀՍՀ/ՀԵԹՈՒՄ Բ
ՀԵԹՈՒՄ Բ (ծն. թ. անհտ.–1307, Անարզաբա), Հայոց թագավոր Կիլիկիայում, 1289–ից: Հեթումյան արքայատոհմից: Հաջորդել է հորը` Լևոն Գ–ին: Հ–ի լատինամոլ վարքագծի համար Եգիպտոսի Աշրաֆ սուլթանը չեղյալ է հայտարարել 1285–ին Կիլիկյան Հայաստանի հետ կնքած 10–ամյա հաշտության պայմանագիրը և 1292–ին պաշարել ու գրավել է կաթողիկոսանիստ Հռոմկլա քաղաքը: Սուլթանության զորքերի հետագա առաջխաղացումը կանխվել է հայկ. որոշ բերդերի զիջման գնով: 1294–ին Հ., գահը զիջելով իր եղբայր Թորոսին, մտել է վանք: Հայ ավագանու պահանջով 1295–ից կրկին գահակալելով` Հ. փորձել է վերանորոգել դաշինքը մոնղոլների և Բյուզանդիայի հետ: Դժգոհելով Հ–ի քաղաքականությունից, 1296–ին նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և Հ–ին բանտարկել Բարձրբերդում: 1298–ին Սմբատից գահը խլել է մյուս եղբայրը` Կոստանդինը: Օգտվելով Կիլիկյան Հայաստանում տիրող գահակալական կռիվներից` 1298–ի գարնանը Եգիպտոսի սուլթանության ու հարևան ամիրայությունների զորքերը նվաճել են երկրի հվ–արլ. շրջանները` մի շարք բերդաքաղաքներով: 1299–ին հայ իշխանները դարձյալ գահ հրավիրեցին Հ–ին: Նույն թվականին նա մոնղոլների դաշնակցությամբ ետ գրավեց հիշյալ բերդաքաղաքները: 1301–ին Հ. Հայոց թագավոր օծելով մանկահասակ եղբորորդուն` Լևոն Դ–ին, դարձավ նրա խնամակալը («թագավորահայր»): 1307–ին թաթար, զորավար Փիլարղուն Հ–ին և Լևոն Դ–ին (40 հայ ականավոր իշխանների ուղեկցությամբ) բանակցության պատրվակով հրավիրելով Անարզաբա` խաչակրաց նոր արշավանք կազմակերպելու մեղադրանքով կոտորեց նրանց:
Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Տեր–Ղազարյան Հ., Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966: Микаелян Г, Г., История Киликийского армянского государства, Е., 1952.
