Jump to content

ՀՍՀ/ՀԵԼԻՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵԼԻՈՍ (հուն., – Արեգակ), արևի աստվածը հին հունական դիցաբանության մեջ: Համարվել է տիտանոս Հիպերիոնի և Թեիայի որդին, Սելենեի (Լուսին) և Էոսի (Արշալույս) եղբայրը: Դիտվել է նաև կույրերի ամոքիչ և կուրությամբ պատժող աստված: Ըստ առասպելաբանության, Հ. ամեն առավոտ ելնելով Արևելյան օվկիանոսից և քառաձի ոսկե կառքի վրա սլանալով երկնակամարով երեկոյան հանգրվանում է Արևմտյան օվկիանոսում (երկրի արմ. եզրին իբր կառուցված է Հ–ի պալատը): Թրինակե (Սիկիլիա) կղզում իբր Հ–ի դուստրերը` Հելիադաները, արածեցնում են 350 ոսկե ցուլեր (խորհրդանշում են լուսնային տարվա օրերը), իսկ նրա ոսկեպտուղ այգիները հսկում են Հեսպերիդաները: Հ–ի կինը համարվել է Պերսիդա հավերժահարսը: Իսկ Հելիադաները, Փաեթոն և Ավգեոս որդիները ծնված են համարվում օվկիանուհի Կլիմենայհց: Հ–ի գլխավոր տաճարատեղին եղել է Հռոդոս կղզին: Մ. թ. ա. V դ. հետո հույները Հ–ին նույնացրել են Ապոլլոնի հետ, իսկ հռոմեացիները` Սոլ (Արեգակ) աստծուն: Հույն քանդակագործ Լիսիպպոսը և նրա աշակերտները Հռոդոսում կերտել են քառաձի կառքով ընթացող Հ–ի պատկերը: Հռոդոսյան դրամների վրա Հ–ի գլուխը պատկերված է իբրև արևի սկավառակ: Հ–ին երբեմն պատկերել են Երկիրը խորհրդանշող գունդը ձեռքին: