Jump to content

ՀՍՀ/ՀԵԼԻՈՏԵԽՆԻԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵԼԻՈՏԵԽՆԻԿԱ (հելիո… և տեխնիկա), տեխնիկայի ճյուղ, որն ուսումնասիրում է արեգակնային ռադիացիայի էներգիայի փոխակերպումը գործնական օգտագործման համար էներգիայի այլ տեսակների: Արեգակը Երկիր է ուղարկում ճառագայթային էներգիայի անսպառ հոսք, որի խտությունը մթնոլորտի սահմանում հասնում է 1,4 կվտ մ², սակայն դրա զգալի մասը կլանում է Երկրի մթնոլորտը: Ծովի մակերևույթի վրա արեգակնային ուղիղ ճառագայթման խտությունը հազվադեպ է գերազանցում 1,0–1,02 կվտ մ²: Հելիոտեխնիկական հաշվարկներում այդ մեծության միջին արժեքը ընդունվում է 0,815 կվտ մ²: Արեգակնային ճառագայթման էներգիան օգտագործելու փորձեր արվել են դեռևս վաղ ժամանակներից, որոնք լուրջ գործնական կիրառում չեն գտել: Միայն 1770–ին Շվեյցարիայում կառուցվեց «տաք արկղ» տիպի առաջին արևային տեղակայանքը: XX դ. 30–ական թթ. մշակվեցին նոր արևային տեղակայանքներ, որոնք ավելի հաճախ սկսեցին կիրառվել որպես էլեկտրաէներգիայի աղբյուր, ինչպես նաև չորացման, ջրի աղազրկման համար ևն: Հատկապես մեծ նշանակություն ստացան Արեգակի ճառագայթային էներգիան ուղղակի էլեկտրականի փոխակերպելու աշխատանքները` կապված տիեզերական տարածության յուրացման հետ: (Տես Արևային Մարտկոց): Գործնական օգտագործման արևային տեղակայանքների սերիական արտադրություն կա ԱՄՆ–ում, Ճապոնիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում: ՍՍՀՄ–ում Հ–ի տեսության բազմաթիվ հիմնական հարցեր են մշակվում Գ. Մ. Կրժիժանովս–կու անվ. էներգետիկական ինստ–ում (Մոսկվա): Այս բնագավառում գիտական հետազոտություններ են կատարվում Հայկ., Ուզբեկ., Թուրքմ. ՍՍՀ–ների հելիոտեխնիկական լաբորատորիաներում: Հեռանկարային է Հ–ի կիրառումը գյուղատնտեսության մեջ (բազմաթիվ փոքր էներգաունակություն ունեցող և տարակենտրոնացված սպառողների համար, երբ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը և վառելիքի փոխադրումը տնտեսապես ձեռնտու չեն):