ՀՍՀ/ՀԵԼԼԵՆԻԶՄ
ՀԵԼԼԵՆԻԶՄ, Ալեքսանդր Մակեդոնացու նվաճած Արևելյան–Միջերկրածովյան, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության շուրջ երեքհարյուրամյա ժամանակաշրջանը (մ. թ. ա. III–I դդ.): «Հ.» տերմինը գիտական շրջանառության մեջ է դրել գերմ. պատմաբան Յո. Դրոյզենը (1808–84)` դրա տակ հասկանալով «հուն. պետականության ու կրթվածության տարածումը» արլ. ժողովուրդների մեջ, անտեսելով Հ–ի սոցիալ–տնտ. էությունը: Այնուհետև տերմինը մեկնաբանվել է որպես միայն մշակութային (Յու. Կերստ) կամ քաղ. (Ու. Տառն), կամ տնտ. (Մ. Ռոստովցև) ևն ազդեցություն: Սովետական պատմագիտության (Ա. Ռանովիչ, Կ. Զելյին և ուր.) մեջ Հ. բնորոշվում է որպես պատմական կոնկրետ երևույթ, որը բնութագրվում է հուն, և տեղական սոցիալ–տնտ., քաղ. և մշակութային տարրերի փոխազդեցությամբ: Հելլենիստական ժամանակաշրջանի ավարտը ընդունված է համարել մ. թ. ա. 30, երբ վերջին հելլենիստական պետությունը` Եգիպտոսը, նվաճվեց `Հռոմից: Ալեքսանդր Մակեդոնացու մահից (մ. թ. ա. 323) հետո, նրա հսկայածավալ տերությանը տիրանալու համար նրա զորավարների (դիադոքոսների) միջև պայքար սկսվեց, որի հետևանքով առաջացավ (մ. թ. ա. III դ. սկզբին) հելլենիստական երեք խոշոր պետություն: Եգիպտոսում զորավար Պտղոմեոսը հիմնեց Պտղոմեյանների պետությունը, Ասիայում զորավար Սելևկոսը` Սելևկյանների պետությունը, Մակեդոնիայում Անտիգոնոսը` Անտիգոնյանների պետությունը: Ամենամեծը Սելևկյանների պետությունն էր, որի կենտրոնը բարեբեր ու վաճառաշահ Սիրիան (Ասորիք) էր: Հետագայում առաջ եկան (մեծ մասամբ Սելևկյանների պետության տարածքի հաշվին) ավելի փոքր հելլենիստական պետություններ, արմ–ում` Պերգամոնը, Հռոդոսը, արլ–ում` Բակտրիան, որտեղ իշխանության գլուխ էին կանգնած հունա–մակեդոնացիները: Հելլենիստական աշխարհի պետություններ են համարվում նաև այն երկրները, որոնք թեև չեն եղել հունա–մակեդոնական իշխանության տակ և ունեցել են իրենց տեղական իշխողները, բայց կրել են հուն. ազդեցությունը քաղ., տնտ. և մշակութային բնագավառներում, դրանցից են Պոնտոսը, Կապադովկիան, Բութանիան, Կոմմագենեն, որոշ իմաստով նաև Հայաստանը (Մեծ Հայք, Ծոփք, Փոքր Հայք), Վրաստանը (Իբերիա) ևն: Հ–ի պատմական նշանակությունը Արևմուտքի և Արևելքի միջև աննախադեպ եռանդուն փոխհարաբերությունների արդյունքի մեջ է: Տնտ. բնագավառում հուն. զարգացած տնտեսաձևերը ներթափանցեցին արևելյանի մեջ` առաջացնելով սոցիալ–տնտ. որոշ տեղաշարժեր: Հելլենիստական հասարակարգի տնտ. զարգացման բնորոշ հատկանիշը առևտրի և ապրանքարտադրության աճն էր, որը խթանեց արտադրության հին ճյուղերի աշխուժացումը և նոր ճյուղերի առաջացումը: Աննախընթաց վերելք ապրեց քաղաքային կյանքը, քաղաքաշինությունը, առաջացան հարյուրավոր նոր, մեծ մասամբ հելլենիստական միապետների հիմնադրած և նրանց անունը կրող քաղաքներ (Ալեքսանդրիա, Անտիոք, Սելևկիա ևն): Զարգացավ ստրկատիրությունը` ստրուկների քանակի և նրանց օգտագործման աճի առումով: Պետ. կառավարման ասպարեզում ստեդծվեց նոր տիպի պետություն` հելլենիստական միապետություն, որը զուգորդում էր արլ. բռնապետության (իշխանության միապետական ձև, մշտական բանակ և կենտրոնացած վարչական ապարատ) և հուն. քաղաք–պետությունների` պոլիսների ավանդույթները: Արլ–ում հուն. քաղաք–պետությունները վերածվեցին «պետության քաղաքների», և նրանց փոխհարաբերությունները միապետի հետ ընթացան այն ուղիներով, որոնք մշակվել էին արլ–ում դեռևս նախահելլենիստական շրջանում` Արևելքի արտոնյալ քաղաքների ու թագավորական իշխանության առնչությունների պրակտիկայում: Միաժամանակ, պոլիսի առավել մշակված քաղաքական–վարչական ձևերը` քաղաքային սահմանադրություն, քաղաքացիական իրավունք, կոլեգիալ ղեկավարություն, աստիճանավորություն, քաղաքի ագրարային գոտու շահագործման կազմակերպում, իրենց ազդեցությունն ունեցան արլ. քաղաքի զարգացման վրա: Արևմուտքի և Արևելքի միջև ամենամեծ փոխազդեցությունը մշակույթի բնագավառում էր: Դա հուն. և տեղական, հատկապես արլ., մշակույթների տարրերի բեղմնավոր միաձուլումն էր, որն ունեցավ բազմաթիվ և բազմապիսի արտահայտություններ` մեխանիկական զուգորդումից մինչև խոր օրգ. միաձուլում: Հելլենիսաական մշակույթը ընդգրկեց իր ժամանակի արվեստի (մեծ չափով` կիրառական արվեստի), գրականության, գիտության (փիլիսոփայություն, մաթեմատիկա, աստղաբաշխություն, բժշկություն ևն), կրոնի ևն բնագավառներ: Հուն. մշակույթի ներթափանցման կարևորագույն միջոց էր հունարենը, որը լայնորեն տարածվեց հելլենիստական աշխարհում: Թեև առաջացած նոր մշակույթը հիմնականում տարածվեց քիչ թե շատ հելլենականացած բարձր խավերի մեջ, առավելապես ընդգրկելով քաղաքները և գրեթե չթափանցելով Արևելքի հասարակության բուն խորքերը, այնուամենայնիվ, այն բավական հարստացրեց համապատասխան ժողովուրդների մշակույթը: Հայաստանի վրա հելլենիստական աշխարհի ազդեցությունը կարևոր հետևանքներ ունեցավ նրա պատմության համար: Միջազգային բազմապիսի կապերի, մանավանդ առևտրի աշխուժացումը, խթանեց Հայաստանի մինչ այդ էլ վերելք ապրող տնտեսությունը: Առավել զարգացավ քաղաքային կյանքը, հիմնադրվեցին տասնյակ նոր քաղաքներ: Ստեղծվեց ուժեղ պետականություն, Հայաստանը դարձավ ժամանակի հզորագույն տերություններից մեկը: Հելլենիստական մշակույթի ներթափանցումը Հայաստան, որը սկսվել էր Հ–ի դարաշրջանի սկզբից, ուժեղացավ մ. թ. ա. I դ.: Հուն. դարձավ Հայաստանի վարչական լեզուներից մեկը: Սկզբնավորվեց տեղական հունալեզու պատմագրությունը:
Գրկ. Дройзен И. Г., История эллинизма, т. 1–3, М., 1890–93 Тарн В., Эллинистическая цивилизация, М., 1949 Ранович А. Б., Эллинизм и его историческая роль, М.–Л., 1950. Գ. Սարգսյան
