ՀՍՀ/ՀԵԼՎԵՑԻՈՒՍ
ՀԵԼՎԵՑԻՈՒՍ (Helvetius) Կլոդ Ադրիան (1715, Փարիզ – 1771, Փարիզ), ֆրանսիական մատերիալիստ փիլիսոփա, XVIII դ. Ֆրանս, բուրժուական հեղափոխության գաղափարախոս, լուսավորիչ: Ծնվել է պալատական բժշկի ընտանիքում: Կրթությունը ստացել է Լուի–լե գրան ճիզվիտական կոլեջում: Մինչև 1751–ը եղել է հարկերի գլխ. կապալառու, ապա զբաղվել է միայն փիլիսոփայությամբ: 1758–ին լույս է տեսել «Մտքի մասին» նրա աշխատությունը, որը արգելվեց ու այրվեց (1759): 1773–ին Հաագայում հրատարակվեց «Մարդու, նրա մտավոր ընդունակությունների և նրա դաստիարակության մասին» Հ–ի մյուս կարևոր երկը: Ժխտելով աստծու գոյությունը և արարչագործությունը` Հ. մետաֆիզիկական–մեխանիստական մատերիալիզմի սահմաններում հիմնավորել է մատերիայի օբյեկտիվությունն ու սուբստանցիոնալությունը, ընդգծել աշխարհի նյութականությունը, շարժման, ժամանակի ու տարածության ատրիբուտային նշանակությունը: Հ. մատերիալիզմի դիրքերից քննադատել է Ջ. Լոկի սենսուալիզմի անհետևողականությունը: Հակադրվել է ագնոստիցիզմին: Նրա ուշադրության կենտրոնում սոցիալ–քաղ., սոցիոլոգիական և բարոյագիտական պրոբլեմներն էին: Պատմության ըմբռնման հարցում Հ. իդեալիստ էր: Սակայն, հասարակական կյանքի առաջադիմական վերափոխման իր պահանջով ու ֆեոդալիզմի քննադատությամբ, նա հանդես է գալիս որպես հասարակագիտական մտքի առաջավոր ներկայացուցիչ: Ընդունել է հասարակական միջավայրի վճռական դերը մարդու դաստիարակության գործում, հիմնավորել ֆեոդ. հարաբերությունները կապիտալիստականով փոխարինելու անհրաժեշտությունը: Հասարակության զարգացման գործում վճռական դեր է հատկացրել գիտակցությանը, դաստիարակությանը, լուսավորությանը: Անձնական և հասարակական շահերի ներդաշնակ զուգակցման, մտավոր ընդունակությունների հավասարության նրա գաղափարները կարևոր դեր խաղացին ուտոպիական սոցիալիզմի զարգացման գործում: Բնութագրելով Հ–ի հայացքները` Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը նշել են. «Զգայական տպավորությունները, եսասիրությունը, հաճույքը և ճիշտ հասկացված անձնական շահը ամբողջ բարոյականության հիմքն են կազմում: Մարդկային մտավոր ընդունակությունների բնածին հավասարությունը, բանականության հաջողությունների ու արդյունաբերության հաջողությունների միասնությունը, մարդու բնածին բարությունը, դաստիարակության ամենազորությունը – ահա նրա սիստեմի գլխավոր մոմենտները» (Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, «Սուրբ ընտանիք», 1967, էջ 215): Հ–ի հայացքները մեծ ազդեցություն են ունեցել XVIII դ. վերջի և XIX դ. փիլ. մտքի վրա: Նրա մշակած գաղափարները շրջանառություն են ունեցել նաև հայ փիլիսոփայության մեջ: Դրանց նկատմամբ վերաբերմունքը հաճախ տեղիք է տվել բախումների XIX դ. հայ լուսավորական և կղերա–ֆեոդալական մտքի ներկայացուցիչների միջև:
Երկ. CEeuvres compl`etes, v. 1–14, P., 1795 Соч., т. 1–2, М., 1973–74.
Գրկ. Մարքս Կ., Էնգելս Ֆ., Սուրբ ընտանիք, Ե., 1967: Նույնի, Немецкая идеология, Соч., 2 изд., т. 3 Լենին Վ. Ի., Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին, Երկ., հ. 33: Պլեխանով Գ. Վ., Մատերիալիզմի պատմության ուրվագծեր, Փիլ. ընտ. երկ., հ. 2, Ե., 1962: Момджян Х. Н., Философия Гельвеция, М., 1955 Силин М. А., Клод Адриан Гельвеций–выдающийся французский философ–материалист 18 в., М., 1958. Մ. Քոչարյան
