Jump to content

ՀՍՀ/ՀԵԾԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵԾԱՆ, գլխավորապես ծռման տակ աշխատող, սովորաբար չորսուի տեսքով կառուցվածքային տարր: Այն լայնորեն օգտագործվում է շինարարության և մեքենաշինության մեջ. շենքերի, կամուրջների, ուղանցների, մեքենաների, հաստոցների կոնստրուկցիաներում: Հ. պատրաստվում է հիմնականում երկաթբետոնից, մետաղից և փայտից: Ըստ հենարանների թվի և հենարանային միակցումների բնույթի տարբերում են միահենամեջ, բազմահենամեջ, բարձակային, ամրակցած ծայրերով, խզովի, անխզովի, իսկ ըստ լայնական հատվածքի` ուղղանկյունաձև, տավրային, երկտավրային, արկղաձև Հ–ներ: Հ. կարող է ունենալ հաստատուն կամ փոփոխական չափերով հատվածքներ, որը կատարվում է Հ–ի զանգվածը փոքրացնելու համար: Տարբերում են հիմնական (երկայնական) և օժանդակ (լայնական) Հ–ներ: Երկայնական և լայնական Հ–ների համակարգն անվանում են հեծանավանդակ: Երկաթբետոնե Հ–ները պատրաստվում են միաձույլ (հիմնականում բազմահենամեջ` անխզովի, ուղղանկյունաձև կամ տավրային հատվածքով) և հավաքովի (առավելապես միահենամեջ` ուղղանկյունաձև, տավրային, երկտավրային և այլ հատվածքներով): Մետաղական Հ–ները գլխավորապես կիրառվում են մեծ բեռնվածքների դեպքում: Առավել արդյունավետ են երկտավրային և արկղաձև հատվածքով մետաղական Հ–ները: Փայտե Հ–ները (միահենամեջ և խզովի կոնստրուկցիաների տեսքով) ծառայում են սովորաբար ոչ մեծ հենամեջեր ծածկելու համար: Դրանք պատրաստվում են տախտակներից, չորսուներից, գերաններից: