ՀՍՀ/ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏ
ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏ, մարզաձև, ընդգրկում է հեծանվով մրցարշավներս կտրտված տեղանքում (կրոս), խճուղիներում, մրցուղիներում (տրեկ) և ձևավոր երթը: Հ ս–ի պաշտոնական առաջին մրցումները կայացել են Ֆրանսիայում (1869), Ռուանի և Փարիզի (120 կմ) միջև` փայտյա հեծանիվներով: Աշխարհի առաջնությունն անցկացվել է 1893–ին, Չիկագոյում և 1921–ին` Կոպենհագենում: 1896–ից Հ. ս. ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում: Ռուսաստանում հեծանվորդների առաջին մրցումներն անցկացվել են 1883–ին` Մոսկվայում: ՍՍՀՄ առաջին առաջնությունը կայացել է 1923–ին: Հ. ս–ի մրցումների մասնակիցները բաժանվում են տարիքային խմբերի, մանկական (կրտսեր և ավագ), երիտասարդական (պատանիներ և աղջիկներ), չափահասների (տղամարդիկ և կանայք): Խճուղային մրցարշավները լինում են մեկօրյա և բազմօրյա, անհատական և խմբակային: Մրցուղիներում անցկացվում են սպրինտերային, տանդեմներով (երկտեղ հեծանիվ), զույգային և խմբակային մրցարշավներ` միջանկյալ ֆինիշներով: Հեծանվահրապարակում կազմակերպվում են նաև միայնակ (գիտ) և հետապնդումով (անհատական և խմբակային) մրցելույթներ, հանդիկապներ, մրցարշավներ առաջնորդումներով: Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված են խճուղային և մրցուղային մրցարշավները: 1900–ին հիմնվել է Հեծանվորդների միջազգային միությունը (ՈՒՍԻ), որն ընդգրկում է ավելի քան 100 երկրների ազգային ֆեդերացիաներ: 1952–ից այդ միության անդամ են դառնում նաև ՍՍՀՄ հեծանվորդները: Արտասահմանում Հ. ս. առավել զարգացած է Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում և Դանիայում: Հայաստանում Հ. ս. հիմնադրվել է 1926–ին, անվանի հեծանվորդ Ռ. Ավշարովի նախաձեռնությամբ: Տարբեր ժամանակներում Հ. ս–ի միութենական հավաքականի կազմում ընդգրկվել են Ա. Բոյաջյանը, Տ. Ավագյանը, Վ. Հայրապեայանը, Հ. Ավետիսյանը, Ն. Հովհաննիսյանը և Հ. Քոչարյանը:
