ՀՍՀ/ՀԵԾԵԼԱԶՈՐ
ՀԵԾԵԼԱԶՈՐ, զորատեսակ: Եգիպտոսի, Հնդկաստանի, Չինաստանի, Միջագետքի երկրների բանակներում, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում մինչև Հ–ի երևան գալը կիրառվել են ձի լծած մարտակառքեր: Հ. որպես զորատեսակ երևան է եկել Ասորեստանում, Ուրարտուում և ստրկատիրական այլ պետություններում: Մ. թ. ա. VI դ. Պարսկաստանում այն հիմնական զորատեսակ էր (ծանր և թեթև): Կանոնավոր Հ. Հին Հունաստանում առաջին անգամ օգտագործվել է մ. թ. ա. IV դ. և ավելի կատարելագործվել Ալեքսանդր Մակեդոնացու բանակում (ծանր, միջին, թեթև Հ.): Իր մարտունակությամբ և հզորությամբ հռչակված էր հայկ. Հ. (տես Այրուձի): Հին հռոմ. բանակում Հ. օժանդակ զորատեսակ էր լեգեոնի կազմում: Արևմտյան Եվրոպայում ֆեոդ. զորքերի գլխ. Ռազմ. ուժը կազմել է ասպետական Հ. (ծանրազեն, զրահակիր): IX–X դդ. Կիևյան Ռուսիայի զորքերում իշխանական դրուժինաները կազմված էին Հ–ից: Իր բարձր մարտունակությամբ XIII– XIV դդ. աչքի է ընկել թաթար–մոնղ. թեթև Հ.: XIV դ. հրազենի երևան գալով և հետևազորի դերի ուժեղացմամբ ասպետական ծանր Հ. կորցրել է իր նշանակությունը: XVI դ. սկսած մեծ դեր է խաղացել թեթև Հ., որը զինված էր հրազենով: XVI դ. վերջից ռուս, բանակում կարևոր էր կազակական Հ. (տես Կազակություն): Պետրոս I–ի օրոք ստեղծվեց կանոնավոր Հ.: Նապոլեոնյան պատերազմների ընթացքում մարտական լուրջ ուժ էր ֆրանս. Հ., որը, սակայն, 1812–ի Հայրենական պատերազմում զիջեց ռուս. Հ–ին: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) սկզբին պատերազմող կողմերի բանակներում Հ. կազմում էր 8–10: Ռազմ. տեխնիկայի տարբեր տեսակների զարգացման հետևանքով հեծելազորային գրոհները պատերազմում դարձան սակավ արդյունավետ, և ետպատերազմյան շրջանում Հ. կրճատվեց, իսկ 1930–ական թթ. վերջին կապիտալիստական խոշոր պետությունների մեծ մասում փաստորեն վերացվեց: Մինչև 1939–45–ի երկրորդ համաշխարհային պատերազմը Հ. պահպանվել էր միայն մի քանի երկրներում (Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Հարավսլավիա ևն): Սովետական Հ. կազմավորվել է 1918–ին, կարմիր բանակի ձևավորման հետ: Նրա ստեղծման գործում կարևոր փուլ էր Առաջին և Երկրորդ հեծյալ բանակների կազմավորումը (1919–20): Օտարերկրյա ռազմ. ինտերվենցիայի և քաղաքացիական պատերազմի տարիներին (1918–20) հեծյալ միավորումները մեծ դեր խաղացին Դենիկինի, Կոլչակի, Վրանգելի և սպիտակ լեհերի զորքերի ջախջախման գործում: Քաղաքացիական պատերազմից հետո սովետական Հ. մասնակցեց բասմաչության վերացմանը Միջին Ասիայում, բանդիտական խմբերի ոչնչացմանը Ուկրաինայում և Հյուսիսային Կովկասում: Սոցիալիստական շինարարության տարիներին Հ. համալրվեց մարտական նոր տեխնիկայով` ընդունելով կազմակերպական նոր ձևեր: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի ռազմ. գործողությունների փորձը, տանկային և օդային մեծ ուժերի կիրառումը հանգեցրին Հ–ի քանակի (դիվիզիաներ) կրճատմանը 32–ից (1939)` 13(1941) Հ. աչքի ընկավ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) բոլոր օպերացիաներում, միաժամանակ դրսևորվեցին նաև նրա թերությունները: Ետպատերազմյան առաջին տարիներին սովետական բանակում Հ–ի քանակը խիստ կրճատվեց, իսկ 1950–ական թթ. կեսին զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման և բանակի լիակատար մոտորավորման կապակցությամբ Հ. որպես զորատեսակ վերացավ: Սովետական Հ–ի կազմավորման և զարգացման գործում մեծ դեր են խաղացել Ս. Բուդյոննին, Ն. Կաշիրինը, Գայը, Վ. Պրիմակովը, Օ. Գորոդովիկովը, Ֆ. Միրոնովը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աչքի ընկան Պ. Բելովի, Լ, Դովատորի, Ն. Օսլիկովսկոլ, Տ. Շուպկինի, Վ. Օբուխովի, Ն, Կիրիչենկոյի և ուրիշների ղեկավարած հեծյալ միավորումները: Բոլոր հեծյալ կորպուսներն արժանացան գվարդիական, իսկ շատ հեծելազորայիններ` Սովետական Միության հերոսի կոչման:
Գրկ. Гатовский В. Н., Конница, кн. 1–2. 4, М., 1925–28 Строкова А. А., История военного искусства, т. 1–3, М., 1955–67 Тюленев И. В., Советская кавалерия в боях за Родину, М., 1957.
Հ. Գրիգորյան
