ՀՍՀ/ՀԵԿԿԵԼ
ՀԵԿԿԵԼ (Haeckel) Էռնստ (16.2.1834, Պոտսդամ–9.8.1919, Ենա), գերմանացի կենսաբան: 1861–ից Ենայի համալսարանի համեմատական անատոմիայի և կենդանաբանության պրիվատ դոցենտ, 1862–1909–ը` պրոֆեսոր: Բնապատմական մատերիալիզմի և Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի պաշտպանն էր ու տարածողը: Դարվինի տեսակառաջացման տեսության հիման վրա Հ. զարգացրել է կենդանի բնության առաջացման ու զարգացման օրինաչափությունների մասին ուսմունքը: Հ. գտնում էր, որ ֆիլոգենեզի ճանաչման բանալին անհատի զարգացման` օնտոգենեզի ուսումնասիրությունն է. որոնց կապը հիմնավորել է բիոգենետիկական օրենքով: «Տիեզերական առեղծվածներ» (1899) գրքում Հ. մերկացրել է կրոնա–իդեալիստական աշխարհայացքը և պաշտպանել բնության նկատմամբ մատերիալիստական հայացքներ: Հ. պաշտոնապես խզել է կապերը կրոնի և եկեղեցու հետ, սակայն շեղումներ է թույլ տվել մատերիալիզմից ու աթեիզմից, առաջարկել է պաշտոնական կրոնը փոխարինել Բնության աստծու հավատով:
