Jump to content

ՀՍՀ/ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ, ԱԽՌՌ (AXPP–Ассоцация художников революционной России) (1928–ից` Հեղափոխության նկարիչների ասոցիացիա, ԱԽՌ), մասսայական գեղարվեստական միավորում, որը կարևոր դեր է խաղացել սովետական նկարիչների համախմբման և արվեստը մասսաների մեջ տարածելու գործում: Հիմնվել է 1922–ին: Միավորման անդամներս, հետևելով պերեդվիժնիկների ավանդույթներին, ձգտել են ստեղծել սովետական իրականությունը ճշմարտացիորեն արտացոլող և ժողովրդին հասկանալի արվեստ: Նրանք առաջ են քաշել «գեղարվեստական վավերագրության» և «հերոսական ռեալիզմի» լոզունգները: Նրանց գործերում ռեալիստական միտումների ու հերոսական–ռոմանտիկական ձգտումների կողքին որոշ դեպքերում ի հայտ են եկել կենցաղագրության ու նատուրալիզմի միտումներ: ԱԽՌՌ–ում առաջատար դեր են խաղացել նկարիչներ Ֆ. Ս. Բոգորոդսկին, Ի. Ի. Բրոդսկրն, Ա. Մ. Գերասիմովր, Մ. Բ. Գրեկովը, Բ. Վ. Իոգանսոնը, Ս. Վ. Մալյուտինը, Գ. Գ. Ռյաժսկին և ուրիշներ: Միավորումը ՌՍՖՍՀ–ում և մյուս հանրապետություններում ունեցել է մոտ 40 մասնաճյուղ, հրատարակել է «Արվեստը մասսաներին» հանդեսը (1929–30): Կազմակերպել է մոտ 70 ցուցահանդես Մոսկվայում և այլ քաղաքներում: Գոյատևել է մինչև 1932–ը: Միավորման մասնաճյուղ է եղել (հիմն. 1926–ին) նաև Սովետական Հայաստանում: Նրա կազմի մեջ են մտել Գ. Գյուրջյանը, Ա. Սարգսյանը, Մ. Արուտչյանը, Վ. Գայֆեճյանը և ուրիշներ, որոնք իրենց ստեղծագործություններում պատկերել են նոր իրականությունը: