Jump to content

ՀՍՀ/ՀԵՂՈՒԿ ՄԵՏԱՂՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՂՈՒԿ ՄԵՏԱՂՆԵՐ, բնորոշ փայլով անթափանց հեղուկներ, որոնք օժտված են լավ ջերմահաղորդականությամբ, էլեկտրահաղորդականությամբ և պինդ մետաղների այլ առանձնահատկություններով: Հ. մ. են բոլոր հալված մետաղները և դրանց համաձուլվածքները: Որոշ ոչ մետաղներ (Р, С, В) դառնում են Հ. մ. բարձր ճնշումների տակ: Մթնոլորտային ճնշման և սենյակի ջերմաստիճանի պայմաններում հեղուկ է միայն սնդիկը, հալվում է –38,9C–ում: Մածուցիկությամբ, մակերևութային լարվածությամբ և դիֆուզիայով Հ. մ. նման են մյուս հեղուկներին: Հ. մ–ի էլեկտրահաղորդականությունը, ինչպես և պինդ մետաղներինը, էլեկտրոնային է: Հալման պրոցեսում մաքուր մետաղների էլեկտրահաղորդականությունը փոքրանում է 1,5–3 անգամ և ջերմաստիճանի հետագա բարձրացմանը զուգընթաց գծայնորեն նվազում: Բացառություն են կազմում երկարժեք Հ. մ., որոնց էլեկտրահաղորդականությունը ջերմաստիճանի բարձրացման հետ նվազում է և անցնում մինիմումով: Հալման ժամանակ մետաղների ջերմահաղորդականությունը փոփոխվում է համարյա այնպես, ինչպես էլեկտրահաղորդականությունը: Հ. մ. քիչ սեղմելի են, այդ պատճառով ձայնի արագությունը դրանցում ավելի մեծ է, քան մյուս հեղուկներում: