Jump to content

ՀՍՀ/ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՄԻՆԳՈՒԵՅ (Hemingway) էռնստ Միլլեր (21.7.1899, Օք–Պարկ, Չիկագոյի մոտ– 2.7.1961, Կետչեմ, Այդահո նահանգ), ամերիկացի գրող: 1917–ին ավարտել է դպրոցը, որպես լրագրող աշխատել Կանզաս Սիթիում: Մասնակցել է 1914–18–ի համաշխարհային պատերազմին: «Մեր ժամանակներում» (1925) պատմվածքների գրքում հայտնվում է այն «քնարական» հերոսներից առաջինը, որը Հ–ի ստեղծագործական ամբողջ ճանապարհին ուղեկցել է նրան: Այդ հերոսի կյանքի ճգնաժամային պահերից ստեղծվում է XX դ. երիտասարդ ամերիկացու «զգացմունքների դաստիարակության» պատմությունը դաժանության, տառապանքների և բռնի մահվան աշխարհում: Նույն գրքի հաջորդ հրատարակության մեջ (1930) Հ. ավելացրեց «Զմյուռնիայի նավահանգստում» նախաբանը, որտեղ զարհուրանքով պատմում է 1922–ին, հույն–թուրք. պատերազմի ժամանակ, Զմյուռնիայում թուրքերի կողմից քրիստոնյա բնակչության (մասնավորապես հույների ու հայերի) ջարդի մասին: «Եվ ծագում է արևը» (1926, նույն ժամանակ Անգլիայում լույս է տեսել «Ֆիեստա» վերնագրով) վեպում հեղինակը հաղորդել է «կորած սերնդի» հիասթափությունը, ցավն ու հուսահատությունը ետպատերազմյան «ծաղկման» տարիներին: Հ–ի կենտրոնական էթիկական խնդիրը` ինչպես ապրել «մեր ժամանակներում», նրա գործող անձանց մեծ մասի համար մնում է անլուծելի: Միևնույն ժամանակ «Ֆիեստա»–ում և «Տղամարդիկ առանց կանանց» (1927) պատմվածքների գրքում որոշակի դարձավ Հ–ի բարոյական հավատամքը, մարդու արիություն ու արժանապատվություն` խիստ փորձության ժամին, պարտությունից չընկճված ոգու մեծություն: «Հրաժեշտ զենքին» (1929, հայ. հրտ. 1972) վեպը ցույց է տալիս, որ պատերազմը մարդու բացահայտ թշնամին է: 30–ական թթ. I–ին կեսին Հ. ստեղծագործական խոր ճգնաժամ ապրեց, նա փորձեց վերաիմաստավորել անցած ուղին և սահմանել իր ստեղծագործության գեղագիտական սկզբունքները (հեղինակային շեղումները «Մահ կեսօրից հետո», 1932, «Աֆրիկայի կանաչ բլուրները», 1935, գրքերում, «Հաղթողը ոչինչ չի ստանում» պատմվածքների ժողովածուում, 1933): Ճգնաժամի հաղթահարում է նկատվում «Ունենալ և չունենալ» (1937) վեպում, որտեղ տրված են ԱՄՆ–ի բուրժ. հասարակության վերնախավի սուր գրոտեսկային նկարագրություններ: Վեպում պատկերված է նաև սեփական իրավունքների համար միայնակ պայքարի դատապարտվածությունը: Զինվորական թղթակից Հ. 1931–39–ի իսպանական հեղափոխության մեջ տեսավ իր համար նոր հեղափոխական–ազատագրական պատերազմ և թղթակցություններում, ակնարկներում ու գեղարվեստական գործերում («Ինչու է ղողանջում զանգը», 1940, վեպ) պատկերեց դրա հերոսականությունը, ռոմանտիկան ու ողբերգությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո Հ–ի ստեղծագործությունը նկատելի անկում ապրեց: Նա վերադարձավ դեպի արդեն սպառված թեմաները («Գետից այն կողմ, ծառերի ստվերում», 1950, վեպ, «Կղզիներ օվկիանոսում», հրտ. 1970, անավարտ վեպ): Մարդու նկատմամբ իր հավատը գրողը հաստատեց «Ծերունին ու ծովը» (1952, հայ. հրտ. 1957) պատմվածքում, որը դարձավ Հ–ի ստեղծագործության հանրագումարը և առիթ եղավ նրան պուլիցերյան (1953) ու նոբելյան (1954) մրցանակներ շնորհելու համար:

Երկ. Կիլիմանջարոյի ձյուները, Ե., 1963: Տոն, որը միշտ քեզ հետ է, Ե., 1966: Собр. соч., т. 1–4, М., 1968.

Գրկ. Грибанов Б., Хемингуэй, М., 1971.