Jump to content

ՀՍՀ/ՀԵՆԱՐԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՆԱՐԱՆՆԵՐ, կառույցների կրող կոնստրուկցիաները պահող և ամրակցող հարմարանքներ: Հ. կառույցի մի մասից ճիգերը փոխանցում են այլ մասերի կամ հիմնատակին: Հ–ի կոնստրուկցիաների բազմազանությունը պայմանավորված է փոխանցվող ճիգերի մեծությամբ ու բնույթով, կրող կոնստրուկցիաների չափերով և ձևերով, օգտագործվող նյութերով, կլիմայական և այլ պայմաններով: Բնակելի, հասարակական և արդ. շենքերում հեծանների ու ֆերմաների Հ. են ծառայում պատերը, սյուները, կանգնակները, ինչպես նաև տարրերի (օրինակ, երկրորդական և գլխավոր սյուների) կցորդվող տեղամասերը: Կամարները և շրջանակները մեծամասամբ անմիջականորեն են ամրացվում շենքերի և կառույցների հիմքերին: Կամուրջներում, հենամիջային կառույցները պահելու համար, որպես Հ. Ծառայում են կամրջակալները և կամրջասյուները: Շինարարական մեխանիկայում Հ. անվանում են կառույցների իրական Հ–ի հաշվարկային սխեմաները: Առավել տարածված հարթ ձողային համակարգերում (տես Հարթ համակարգ) տարբերում են Հ–ի չորս հիմնական սխեմաներ հոդակապային (կամ գլանային) շարժական, հոդակապային անշարժ, ամրակցված շարժական, ամրակցված անշարժ: Հոդակապային շարժական Հ. ամրացվող համակարգին թույլատրում են պտույտ` որոշակի առանցքի շուրջը և համընթաց տեղաշարժ մեկ ուղղությամբ (օրինակ, կամրջի գլանվակավոր Հ.): Այս Հ. պատրաստվում են հոդակապով միացած երկու հենարանային սալի տեսքով: Սալերից մեկի և հենարանային հարթության միջև տեղադրված են գլանվակները: Հենարանային հակազդումն անցնում է հոդակապի կենտրոնով և ուղղահայաց է հենարանային հարթությանը: Հոդակապային անշարժ Հ. թույլատրում են միայն համակարգի պտույտ` հենման կետի շուրջը: Այս Հ–ի կոնստրուկցիաներում բացակայում են գլանվակները: Հենարանային հակազդումն անցնում է հոդակապի կենտրոնով և որոշվում երկու բաղադրիչով (հորիզոնական և ուղղաձիգ): Ամրակցված շարժական Հ. թույլատրում են ամրացվող համակարգի միայն համընթաց տեղաշարժ (մեկ ուղղությամբ): Դրանք իրականացվում են ձողի և հենարանային հարթությունների միջև տեղադրված գլանվակների օգնությամբ: Հենարանային հակազդումն ուղղահայաց է հենարանային հարթությանը և որոշվում է ուղղահայաց ուժով ու հենարանային մոմենտով (տես Ուժի մոմենտ): Ամրակցված անշարժ Հ. համակարգի ոչ մի տեղաշարժ չեն թույլատրում և իրենցից ներկայացնում են համակարգի կոշտ ամրակցում` զանգվածում: Հենարանային հակազդումը կազմված է հորիզոնական և ուղղաձիգ բաղադրիչներից ու հենարանային մոմենտից: