Jump to content

ՀՍՀ/ՀԵՆՐԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՆՐԻ (Henry), թագավորներ Ֆրանսիայում:

Հ. II (1519–1559), թագավոր 1547–ից: Վալուաների դինաստիայից: 1533–ին ամուսնացել է Եկատերինա Մեդիչիի հետ (տես Մեդիչիներ): Ռեֆորմացիայի մոլեռանդ թշնամի, դաժանորեն հալածել է հուգենոտներին, որոնց դատելու համար 1547–ին ստեղծել է հատուկ դատարաններ («հրապալատներ»), իսկ 1559–ի հրովարտակով պահանջել մահապատիժներ: Գերմ. բողոքական իշխանների հետ դաշնակցելով` պայքարել է Կարլոս V կայսեր դեմ: 1552–ին գրավել է Մեցի, Տուլի, Վերդենի եպիսկոպոսությունները, 1558–ին` անգլիացիներից` Կալեն:

Հ. Ill (1551–1589), թագավոր 1574–ից: Վալուաների վերջին ներկայացուցիչը: 1573–ին ընտրվել է լեհ. թագավոր, սակայն իմանալով եղբոր` Ֆրանսիայի թագավոր Կարլոս IX–ի մահը, գաղտնի փախել է Լեհաստանից` տիրանալու ֆրանս. գահին: Հ. պայքարել է ինչպես հուգենոտների, այնպես և Կաթոլիկական լիգայի առաջնորդների դեմ: 1588–ի մայիսին իր դեմ ծագած ապստամբության ժամանակ Փարիզից փախել է Շարտր: Նույն թվին գահընկեց է արվել, սակայն համաձայնության գալով հուգենոտների առաջնորդ Հենրի Նավարացու հետ, միասնաբար պաշարել են Փարիզը, ուր և սպանվել է դավադրաբար:

Հ. IV (1553–1610), թագավոր 1589–ից (փաստորեն 1594–ից): Բուրբոնների դինաստիայի առաջին ներկայացուցիչը: 1562–ից Նավարայի թագավոր (Հենրի Նավարացի): Կրոնական պատերազմների ժամանակ հուգենոտների ղեկավար: 1593–ին ընդունել է կաթոլիկություն և մտել Փարիզ: 1598–ի Նանտի Էդիկտով հուգենոտներին շնորհել է դավանանքի ազատություն և այլ արտոնություններ: Հ. IV–ի քաղաքականությունը նպաստել է բացարձակ միապետության ամրապնդմանը, դադարեցվել է Գլխավոր շտատների հրավիրումը, սահմանափակվել են նահանգային ժողովների իրավունքները, աճել է բյուրոկրատական ապարատի դերը ևն: Տնտեսության ասպարեզում վարել է պրոտեկցիոնիզմի (հովանավորություն) քաղաքականություն, խթանել ֆրանս. մանուֆակտուրաների զարգացումը, բարեկարգել ճանապարհները, բացել նոր ջրանցքներ ևն: 1604–ին սկսվել է Կանադայի գաղութացումը ֆրանսիացիների կողմից: Հ. IV–ի կառավարությունը վերացրել է գյուղացիների ժամկետանց պարտքերը, սակայն բարձրացրել անուղղակի հարկերը: Հ. IV ղեկավար դեր է խաղացել հակահաբսբուրգյան ընդդիմություն կազմակերպելու գործում, նախապատրաստել Հաբսբուրգների դեմ պատերազմը: Հ. IV–ին սպանել է մոլեռանդ կաթոլիկ Ռավալյակը: