Jump to content

ՀՍՀ/ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊ, ռադիո– կամ էլեկտրական ազդանշաններով տառաթվային հաղորդագրությունների` հեռագրերի հաղորդումը հեռավորության վրա. ընդ որում պարտադիր է ընդունման կետում դրանց գրառումը: Հ. կ–ի կարևոր առանձնահատկությունը փաստաթղթայնությունն է. հաղորդումը հասցեատիրոջն է հանձնվում տպագիր, երբեմն` ձեռագիր տեքստով: Այդ հանգամանքը, ինչպես նաև հեռագրերի հաղորդման արագությունը պայմանավորեցին Հ. կ–ի զարգացումը հատկապես կառավարման ոլորտում, գործնական և առևտրական կապի ասպարեզում: Բացի հեռագրերի հաղորդումից, Հ. կ. օգտագործվում է նաև փաստաթղթային խոսակցությունների, թվային տեղեկությունների, ռադիո–հեռուստատեսային նորությունների, պատկերների հաղորդման համար: Հ. կ–ի հնագույն տեսակը` էլեկտրական կապը, երևան է եկել դեռևս XIX դ. 30–ական թթ.: Մինչ այդ, սկսած վաղեմի ժամանակներից, ինֆորմացիայի հաղորդման համար փոստային կապի հետ մեկտեղ օգտվել են նաև լուսային և ձայնային ազդանշանման միջոցներից: Ռուսաստանում հեռագրության հիմքը դրել է Պ. Լ. Շիլլինգը, որը 1832–ին ստեղծել է էլեկտրական կապի սարքավորումների առաջին համալիրը: Հ. կ–ի հետագա կատարելագործումը կապված է եղել արդյունաբերության զարգացման և երկաթուղային ցանցի ընդլայնման հետ: Հետազոտությունները գլխավորապես տարվել են գծերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, որովհետև Հ. կ–ի զարգացման ծախսերը կատարվում են հիմնականում հեռագրային նոր գծերի կառուցման համար: Դեռևս 1869–ին ռուս գյուտարար Գ. Ի. Մորոզովը մշակել է կապի գծերի հաճախային խտացման սարքավորում: Բազմահաճախային, բազմանցուղային կապի սարքերի օգտագործման շնորհիվ հնարավորություն ստեղծվեց միևնույն զույգ լարով իրականացնելու հեռագրերի, տվյալների, պատկերների 44 միաժամանակյա հաղորդում: Հեռագրական գծերի օգտագործման արդյունավետությունն աճում է նաև ծակատիչի օգնությամբ հեռագրերի հաղորդման արագության բարձրացման միջոցով: XX դ. 50–60–ական թթ. իբրև Հ. կ–ի միջոց օգտագործվել են հեռուստակոդային կապը, «Մոլնիա–1»Մոլնիա–3» արբանյակները: 1960–ից ՍՍՀՄ–ում գործածության մեջ է մտել տիեզերական թռիչքների կառավարման տվյալների հաղորդման համակարգը: Ըստ հաղորդվող ինֆորմացիայի նշանակության և բնույթի ՍՍՀՄ–ում տարբերում են Հ. կ–ի հետևյալ տեսակները, ընդհանուր օգտագործման կապ, բաժանորդային հեռագրություն, գերատեսչական Հ. կ., լուսահեռագրային կապ (տես Ֆաքսիմիլային կապ): Ընդհանուր օգտագործման Հ. կ. ծառայում է հեռագրերի, դրամական փոխանցումների, հեռախոսային ծանուցումների հաղորդման համար: Բաժանորդային հեռագրության օգնությամբ բաժանորդը կարող է վարել փաստաթղթային խոսակցություն կամ միակողմանի հաղորդում` օգտվելով հենց իր մոտ տեղադրված հեռագրական ապարատից: Գերատեսչական Հ. կ. կազմակերպվում է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, որտեղ պահանջվում է մեծ քանակությամբ փաստագրական տեղեկությունների հաղորդում, ընդունում: Լուսահեռագրային կապը ծառայում է որոշակի տարածության վրա անշարժ պատկերների, ձեռագրերի, գծագրերի հաղորդման համար: Հայաստանում կենտրոնական թերթերի էջերը «Ռադուգա» արբանյակի օգնությամբ ստանալու համար օգտագործվումէ «Օրբիտա–2» կայանը: Ըստ հաղորդման կազմակերպման եղանակի տարբերում են միակողմանի (սիմպլեքս) և երկկողմանի (դուպլեքս) Հ. կ.: Միակողմանի կապի դեպքում երկու հեռագրակայանների (բաժանորդների) միջև հաղորդումը տարվում է հաջորդաբար, իսկ երկկողմանի կապի դեպքում` միաժամանակ:

Գրկ. Яроцкий. А. В., Основные этапы развития телеграфии, М. –Л., 1963 Наумов П.А., Коган B.C., Основы телеграфии, 2 изд., доп., М., 1969 Основы телеграфии и телеграфные станции, М., 1970.

Վ. Բեգլարյան