ՀՍՀ/ՀԵՌԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գիտության և տեխնիկայի բնագավառ, ընդգրկում է հեռագրակապի կառուցման սկզբունքների ուսումնասիրումը, հեռագրաագդանշանների հաղորդման եղանակների և այդ եղանակներն իրականացնող սարքավորման մշակումը, ինչպես նաև հեռագրական կապուղիներով ինֆորմացիայի հաղորդման որակի գնահատումը: Հ., իբրև գիտատեխ. առարկա, կազմված է հետևյալ բաժիններից` հեռագրական կոդեր, ծայրային հեռագրական սարքավորում, հեռագրական կապուղիներ, հեռագրական ցանցեր: Հաղորդման բարձր որակ ապահովելու նպատակով Հ. ուսումնասիրում է հեռագրաագդանշանների աղավաղումները, դրանց պատճառներն ու օրինաչափությունները, ինֆորմացիայի հաղորդման ժամանակ ծագող սխալները և դրանց վերացման եղանակները: Հ., ի տարբերություն կապի մյուս տեսակների, գործ ունի ընդհատ հաղորդագրությունների հետ, որոնք կազմված են վերջավոր թվով սիմվոլներից` տառերից, թվերից և կետադրական նշաններից: Այդ հաղորդագրությունները հաղորդող ազդանշանները նույնպես ընդհատ են: Հ–յան տեսական հիմքը կապի ընդհանուր տեսությունն է և ինֆորմացիայի (տես Ինֆորմացիայի տեսություն) ու պոտենցիալ խանգարումակայունության տեսությունները: Հ–յան մեջ կիրառվում են նաև հավանականությունների տեսությունը և բուլյան հանրահաշիվը: Պատմականորեն Հ–յան բնագավառը մտած առանձնահատուկ ուղղություն է նաև լուսահեռագրությունը, որի ուսումնասիրության առարկան ֆաքսիմիլային կապի սկզբունքներն են:
