Jump to content

ՀՍՀ/ՀԵՌԱԴԻՏԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՌԱԴԻՏԱԿ, երկու զուգահեռ դիտակներից բաղկացած օպտիկական սարք` հեռու առարկաները զույգ աչքով դիտելու համար: Լինում է երկու տեսակի. Գալիլեյի հեռադիտակ, որը տալիս է առարկայի ուղիղ պատկերը և օժտված է մեծ լուսաուժով, ու պրիզմայավոր հեռադիտակ, որը մի շարք առավելությունների (զգալիորեն մեծ տեսադաշտ, ստերեոսկոպիկություն ևն) շնորհիվ ավելի լայն տարածում է գտել: Վերջինիս օբյեկտիվի կիզակետային հարթության մեջ հնարավոր է տեղադրել ցանց` առարկաների գծային և անկյունային հեռավորությունները որոշելու համար: Հ., ինչպես և դիտակը, բնութագրվում է խոշորացումով, տեսադաշտի անկյունով, մուտքի բիբի տրամագծով (օբյեկտիվի տրամագծով), ինչպես նաև պլաստիկությամբ: Ըստ խոշորացման աստիճանի տարբերում են` փոքր (2–4 անգամ), միջին (5–8 անգամ) և մեծ (10– 22 անգամ) խոշորացման Հ–ներ: Պրիզմայավոր Հ–ի տարատեսակներից է թատերական Հ., որի խոշորացումը հավասար է 3–ի: Աստղագիտական հեռադիտակը երկնային լուսատուները դիտելու համար նախատեսված սարք է: Ըստ օպտիկական առանձնահատկությունների տարբերում են` հայելային (ռեֆլեկտոր), ոսպնյակային (ռեֆրակտոր) և հայելա–ոսպնյակային Հ–ներ: Ըստ նշանակության Հ–ները լինում են` աստղաֆիզիկական, արեգակնային, աստղաչափական, արբանյակային ֆոտոխցիկներ: Տես նաև Աստղադիտակ: