ՀՍՀ/ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑ
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑ, հեռախոսային կապի իրականացման համար նախատեսված տեխնիկական կառույցների և սարքավորումների համալիր: Բաղկացած է կապի հեռախոսային հանգույցներից, հեռախոսային կայաններից, կապի գծերից, բաժանորդային տեղակայանքներից (հեռախոսային ապարատ): Ըստ ֆունկցիոնալ և կառուցվածքային առանձնահատկությունների` Հ. ց–երը լինում են տեղական (գյուղական և քաղաքային), ներգոտիական, գոտիական, միջքաղաքային, միջազգային: Գյուղական Հ. ց. կառուցվում է շառավղա–հանգուցային սկզբունքով. վերջնակայանները միմյանց իմացվում են հանգուցային, իսկ հանգուցային կայանները` կենտրոնական կայանի միջոցով, որը ելք ունի դեպի միջքաղաքային ավտոմատ հեռախոսային կայան (ՄԱՀԿ): Քաղաքային Հ. ց–երը լինում են չշրջանացված (եթե քաղաքում մեկ հեռախոսային կայան կա) և շրջանացված (եթե մի քանիսն են): Ներգոտիական Հ. ց. կազմվում է երկրի տարածքը պայմանականորեն բաժանող գոտիներից յուրաքանչյուրի սահմաններում գործող մեկ կամ երկու ՄԱՀԿ–ից, դրանք միմյանց ու տվյալ գոտու տեղական ցանցերին միացնող կապի գծերից: Գոտիական Հ. ց. տեղական և ներգոտիական Հ. ց–երի համախումբն է: Միջքաղաքային Հ. ց. միավորում է բոլոր գոտիների ՄԱՀԿ–երը, կոմուտացման ավտոմատ հանգույցները և կապի գծերը: Միջազգային Հ. ց. միջազգային ՄԱՀԿ–երի, միջազգային (այդ թվում և միջմայրցամաքային) կապ ապահովող ավտոմատ տրանզիտի հանգույցների և գծերի ամբողջությունն է: ՍՍՀՄ–ում ստեղծվում է Հ. ց–ի բոլոր տեսակները երկրի մասշտաբով միասնական Հ. ց–ի մեջ միավորելու համար նախատեսված կապի միասնական ավտոմատացված համակարգ: Տես նաև Հեռախոսություն:
