Jump to content

ՀՍՀ/ՀԵՌԱՎՈՐ ԿԱՊ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՌԱՎՈՐ ԿԱՊ, միմյանցից մեծ (գործնականում անսահմանափակ) հեռավորության վրա գտնվող երկու կետերի միջև մալուխներով և ռադիոռելեային գծերով իրագործվող հեռախոսահեռագրային կապ: «Հ. կ.» տերմինը ծագել է կապի հաղորդագծերով էլեկտրական ազդանշանների հաղորդման տեխնիկայում: Նրա հոմանիշը միջքաղաքային կապն է, հականունը` տեղական կապը (քաղաքի կամ շրջանի ներսում): Հեռախոսային և հեռագրական, ինչպես նաև լուսահեռագրական, հեռուստատեսային և այլ ազդանշանների միաժամանակյա հաղորդումը մեծ հեռավորությունների վրա իրագործվում է կապի օդային, մալուխային և ռադիոռելեային գծերով, որոնցում խտացված են հազարավոր կապուղիներ: Հ. կ–ի համար հեռանկարային է Երկրի արհեստական արբանյակների օգտագործումը: Ազդանշանների մարումը համակշռելու նպատակով Հ. կ–ի վերգետնյա գծերի առանձին հատվածներում տեղակայում են սպասարկվող և չսպասարկվող (հեռուստակառավարումով և հեռավերահսկումով) ուժեղացման կետեր կամ հաղորդվող ազդանշանների ուժեղացուցիչներով միջանկյալ (վերատրանսլյացիոն) կայաններ: