Jump to content

ՀՍՀ/ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, հիպերմետրոպիա (հիպեր…, չափ և– աչք), աչքի բնականոն բեկունակության շեղում, երբ լույսի զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են աչքի ցանցաթաղանթի ետևում: Պատկերներն ստացվում են աղոտ: Պատճառները, աչքի բեկող միջավայրերի (եղջերաթաղանթ և ոսպնյակ) բեկունակության թուլությունը (ռեֆրակցիոն Հ.) (տես Բեկունակություն աչքի) կամ աչքի առաջ–ետին առանցքի կարճ լինելը (առանցքային Հ.): Երբեմն երկու պատճառները կարող են զուգակցվել (կոմբինացիոն Հ.): Հ. հանդիպում է մեծ մասամբ նորածինների մոտ, հետագայում, երեխայի աճմանը զուգընթաց, աչքի խնձորակը որոշ չափով մեծանում է և, որպես կանոն, Հ. վերանում: Հեռատես աչքը, որը վատ է հարմարված ցանցաթաղանթի վրա զուգահեռ ճառագայթների միացման համար, առավել վատ է հավաքում մոտակա առարկաներից եկող ճառագայթները, հետևաբար վատ է տեսնում թե հեռուն, թե մոտիկը, և իրականում «Հ.» տերմինն այնքան էլ ճիշտ չէ: Հ–յան թույլ արտահայտվածության դեպքում երիտասարդները մշտապես լարելով թարթիչային մկանները, մեծացնում են ոսպնյակի կորությունը, որի շնորհիվ ուժեղանում է նրա բեկող հատկությունը (տես Ակոմոդացիա աչքի) և նպաստում հստակ տեսողությանը: Տարեց և ծեր մարդկանց մոտ այդ հատկությունը թուլանում է և զարգանում, այսպես կոչված, ծերունական Հ. (պրեսբիոպիա), որի դեպքում մարդը դիտվող առարկան (գիրք, թերթ ևն) ձգտում է հեռացնել աչքից: Հ–յան ժամանակ կարող են առաջանալ գլխացավեր, մանկական տարիքում` զուգամետ շլություն: Տեսողությունը շտկվում է ուռուցիկ ապակիներով (կոնվեքսներով): Ընտրվում են այնպիսի ապակիներ, որոնք ուժեղացնում են աչքի բեկող ուժը, ճառագայթների կիզակետը փոխադրում ցանցաթաղանթի վրա և ապահովում առավել հստակ տեսողություն: