ՀՍՀ/ՀԵՌՈՒՍՏԱԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԵՌՈՒՍՏԱԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳ, հեռուստամեխանիկայի համակարգ, որը կառավարման օբյեկտի գործադիր մեխանիզմներով իրականացնում է հաղորդված հրահանգները: Ընդհատ կառավարման համակարգերում հաղորդվում են «անջատել», «միացնել» կարգի որոշակի հրահանգներ, որոնք ավտոմատիկայի համակարգի միջոցով անջատում կամ միացնում են էլեկտրական շղթայի հոսանքը (օրինակ, էլեկտրական ենթակայանների յուղային անջատիչների աշխատանքի դեպքում): Անընդհատ կառավարման համակարգերն սպասարկում են անթիվ բազմության դիրքեր ունեցող մեխանիզմները (օրինակ, շարժվող օբյեկտի ղեկը): Այդպիսի մեխանիզմների աշխատանքը սովորաբար կառավարվում է հետևող համակարգի օգնությամբ: Ժամանակակից արագագործ համակարգերում կիրառում են բարձր հուսալիության փոքրածավալ ֆերիտային, կիսահաղորդչային, օպտիկական, միկրոսխեմային տարրեր: Ժողովրդական տնտեսության խոշոր համակարգերի կոմպլեքսային կառավարման համար նախատեսվում են տարբեր մեքենաներ ու մեխանիզմներ գործի դնող տեղական ավտոմատիկայի համակարգեր:
Դ. Մելքումյան
