Jump to content

ՀՍՀ/ՀԵՌՈՒՍՏԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՌՈՒՍՏԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, կարգավորում հեռավորության վրա, որն իրագործվում է հեռուստամեխանիկայի միջոցներով, հեռուստակառավարման տեսակ: Կարգավորվող պարամետրի ընթացիկ արժեքի մասին ինֆորմացիան հեռուստաչափման անցուղիով հաղորդվում է կառավարման պունկտ, որտեղ համեմատվում է այդ պարամետրի տրված արժեքի հետ, իսկ ստացված տարբերությունը հեռուստակառավարման անցուղիով հաղորդվում է վերահսկման պունկտ, որտեղ փոխակերպվում է կառավարող ներգործության: Ըստ որում օպերատորը հեռուստաչափման սարքերով հետևում է կարգավորման պարամետրի փոփոխման ընթացքին: Այն պահին, երբ պարամետրի ընթացիկ արժեքը համընկնում է նախօրոք տրված արժեքին, օպերատորը կառավարման օբյեկտի վրա ազդեցությունը դադարեցնելու հրահանգ է ուղարկում: Մեծ թվով կարգավորման պարամետրեր ունեցող օբյեկտների դեպքում հեռուստակառավարման անցուղիով հաղորդվում են պարամետրերի պահանջվող արժեքները, իսկ ազդանշանների շեղման հայտնաբերումը և վերացումը կատարվում է վերահսկման պունկտում: Այդ դեպքում հեռուստաչափման անցուղին օգտագործվում է համակարգի աշխատանքի ճշգրտությունը հսկելու համար:

Դ. Մելքումյան