ՀՍՀ/ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱ
ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱ, գիտության և տեխնիկայի բնագավառ, որի առարկան հեռավորությունից օբյեկտների կառավարման և վերահսկման նպատակով ազդանշանների ձևավորման, հաղորդման և ընդունման մեթոդների ու տեխնիկական միջոցների մշակումն է: Հ. հարակից բնագավառներից (հեռուստատեսություն, հեռախոսություն, հեռագրություն) տարբերվում է խիստ դանդաղ փոփոխվող տվյալների հաղորդման հնարավորությամբ, ավտոմատացման բարձր աստիճանով, ինֆորմացիայի մշակման կենտրոնացմամբ ևն: Հ. սովորաբար օգտագործվում է մեծ տարածքում բաշխված և միմյանց հետ ընդհանուր տեխնոլոգիայով կապված օբյեկտները միավորելու համար, ինչպես նաև արտադրության այն պրոցեսներում, որտեղ մարդու ներկայությունն անցանկալի է կամ անհնար: Հ–ի հիմնական խնդիրներն են ինֆորմացիայի հաղորդման հավաստիության, կապուղիների օգտագործման արդյունավետության բարձրացումը, հուսալի և եկամտաբեր սարքավորման ստեղծումը: Հ–ի տեսական հիմքը ավտոմատ կառավարման, ինֆորմացիայի և կոդավորման տեսություններն են: Հ–ի միջոցներով օբյեկտների կառավարումն ու վերահսկումն իրագործվում է կառավարման կամ դիսպետչերական պունկտից, որտեղ գտնվում է օպերատորը (դիսպետչեր): Կառավարման օբյեկտները կենտրոնացած են լինում մեկ կամ մի քանի վերահսկման պունկտերում: Դիսպետչերական և վերահսկման պունկտերի հեռավորությունը կարող է լինել մի քանի մ–ից մինչև հազարավոր կմ: Ինֆորմացիան հաղորդվում է կապի գծերով (լարային, մալուխային ևն): Վերահսկման պունկտի սարքավորումը կապուղիներին միացվում է զուգահեռ, հազվադեպ` շղթայաձև: Եթե ինֆորմացիայի հաղորդման համար օգտագործում են ռադիոկապուղի, ապա Հ. անվանում են ռադիոհեռուստամեխանիկա: Սարքերի համախումբը, որոնց միջոցով օպերատորը հեռավորությունից կառավարում և վերահսկում է օբյեկտները, կոչվում է հեռուստամեխանիկական համակարգ: Միայն կառավարման և միայն վերահսկման ֆունկցիա կատարող համակարգերը համապատասխանաբար կոչվում են հեռուստակառավարման և հեռուստավերահսկման համակարգեր: Հրահանգների հաղորդման բարձր հուսալիությունն ապահովվում է ազդանշանների կրկնմամբ` հակադարձ կապուղիով: Հրահանգները կապուղի են մտնում կոդավորված ազդանշանների ձևով և ընդունման ժամանակ փոխակերպվում կառավարող ազդանշանների: Վերահսկման դեպքում օբյեկտի պարամետրերի փոփոխությունները գրանցող չափիչ սարքերից (տվիչներից) ստացվող ինֆորմացիան օբյեկտից հաղորդվում է օպերատորին: Հաղորդելիս ինֆորմացիան կոդավորվում և մոդուլվում է, իսկ ընդունման պունկտում ենթարկվում հակառակ ձևափոխությունների` վերարտադրելով օբյեկտի վիճակը: Վերահսկման հաղորդագրությունները լինում են երկու բնույթի` ազդանշանային և չափիչ, իսկ համապատասխան պրոցեսները կոչվում են հեռուստաազդանշանում և հեռուստաչափում: Երբեմն անհրաժեշտ է լինում կառավարման պարամետրի սահուն, անընդհատ փոփոխություն. այդ դեպքում օպերատորն ուղարկում է անընդհատ ազդանշաններ: Կառավարման այդ տեսակը կոչվում է հեռուստակարգավորում: Հեռավորությունից մեքենաների աշխատանքը կառավարելու և չափումներ կատարելու առաջին փորձերն արվել են XIX դ. վերջին: «Հ.» տերմինն առաջարկել է ֆրանսիացի գիտնական Է. Բրանլին, 1905–ին: Ազդանշանմամբ կառավարումն առաջին անգամ 1927–ին իրագործվել է ԱՄՆ–ում (Օհայո)` երկաթուղային ճանապարհի 65 կմ երկարության տեղամասում: 1930–ին ՍՍՀՄ–ում արձակվել է առաջին ռադիոզոնդը` հեռուստաչափման սարքերով: Էլեկտրոնային առաջին հեռուստաչափիչ համակարգը ՍՍՀՄ–ում մշակվել է 1955–56–ին: Ներկայումս նախագծվում և ստեղծվում են ինտեգրալային միկրոսխեմաներով հեռուստամեխանիկական համակարգեր:
Գրկ.Тутевич В. Н,, Телемеханика, М., 1973 Макаров В. А., Теоретические основы телемеханики, Л., 1974.
Դ. Մելքումյան
