Jump to content

ՀՍՀ/ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, հեռուստամեխանիկայի Ա կապի կանալների սարքերի համախումբ, նախատեսված է հեռավորության վրա կառավարման հրամանների և կառավարվող օբյեկտների վիճակի մասին ինֆորմացիայի ավտոմատ հաղորդման համար: Հ. հ. ներառնում է կառավարման կետը (ԿԿ), որտեղ գտնվում է օպերատորը (դիսպետչերը), մեկ կամ մի քանի վերահսկվող կետեր (ՎԿ), որտեղ տեղադրվում են կառավարման (վերահսկման) օբյեկտները և ԿԿ–ը ՎԿ–ին միացնող կապի գծերը: Բարդ Հ. հ–երում կարող են լինել մի քանի ԿԿ–եր: Տարբերում են կենտրոնացված և ապակենտրոնացված օբյեկտների համար Հ. հ–եր: Առաջին տիպի Հ. հ–ի օրինակ է առանձին շինարարական կռունկի, ինքնաթիռի, պոմպակայանի կառավարման համակարգը: Երկրորդ տիպի Հ. հ–երի բնորոշ օրինակներ են գազա– և նավթամուղների, էներգահամակարգերի, երկաթուղային հանգույցների, հանքաքարերի և գործարանների կառավարման համակարգերը, որտեղ կառավարումն իրականացվում է մեկ դիսպետչերական կետից: Միայն օբյեկտների պարամետրերի արժեքների մասին ինֆորմացիայի հաղորդման Հ. հ. կոչվում է հեռուստաչափման համակարգ: Հեռուստաագդանշանման համակարգում ինֆորմացիան հաղորդվում է գլխավորապես այն մասին, թե հնարավոր վիճակներից (սովորաբար երկու) որում է գտնվում վերահսկվող օբյեկտը: Հեռակառավարման համակարգում հաղորդվում են միայն կառավարման հրամանները: Համակցված Հ. հ–երում իրականացվում է մի քանի տեսակ ինֆորմացիաների հաղորդումը: Համալիր Հ. հ–ում հնարավոր է բոլոր տեսակի վերահսկման և կառավարման ինֆորմացիաների հաղորդումը: Հ. հ–ի հիմնական բնութագրերն են` ինֆորմացիայի տեսակների և կատարվող ֆունկցիաների հավաքածուն, օբյեկտների տեղադրման տեսակը, գործողության հեռավորությունը, սպասարկվող օբյեկտների թիվը, արագագործությունը, ինֆորմացիայի հաղորդման հավաստիությունը, կապի կանալների հուսալիությունը, կառուցվածքը և տեսակը: Հ. հ–ի ապարատները, պարզագույն դեպքում, բաղկացած են հաղորդող և ընդունող կիսակոմպլեկտներից, որոնց օգնությամբ իրականացվում է հեռուստամեխանիկական ինֆորմացիայի հաղորդումը: Հ. հ–երը հաճախ ներառնում են ավտոմատ սարքավորումներ, որոնք հեշտացնում են օպերատորի աշխատանքը կամ բարձրացնում կապի կանալով ինֆորմացիայի հաղորդման արդյունավետությունը և հուսալիությունը: Հեռուստամեխանիկայի զարգացման սկզբնական փուլում (XX դ. սկիզբ) Հ. հ–ի ապարատները հիմնականում ռելեա–կոնտակտային էին, XX դ. 50–ական թթ. դրանք փոխարինվեցին անկոնտակտ (մագնիսական, կիսահաղորդչային ևն) տարրերով, իսկ 70–ական թթ. ասպարեզ եկան միկրոէլեկտրոնային տարրերը, և մշակվեց Հ. հ–ի կառուցման ագրեգատային մեթոդը: