Jump to content

ՀՍՀ/ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ, հեռուստատեսային ընդունիչ, հեռուստատեսային տեսազդանշանների և դրանց ուղեկցող ձայնի ընդունիչ: Հ–ի էկրանի մակերեսի տարբեր կետերում վերարտադրվում են ընդունվող պատկերի առանձին կետերը ըստ պայծառության (տես Հեռուստատեսություն): Գունավոր հեռուստատեսության դեպքում տեղի է ունենում էկրանի մակերեսի տարբեր կետերի պայծառության և գույների համատեղ փոփոխություն: Հ. բաղկացած է ընդունիչից և ընդունող անտենայից, պատկերի ազդանշանի փոփոխությունները պայծառության փոփոխության վերածող սարքից (գունավոր Հ–ի դեպքում նույն սարքն ապահովում է ընդունիչ էկրանի տարրերի վրա գույների առաջացումը), պատկերի փռումն իրագործող սարքից, սինխրոնացման սարքից, որն ապահովում է Հ–ի և հեռուստատեսային հաղորդչի հաճախականությունների համընկնումը, և գրամոֆոնային գրանցման թիթեղների վերարտադրման սարքից: ՍՍՀՄ–ում արտադրվող Հ–ները կարող են ընդունել գերկարճ (48,5–230 Մհց) և դեցիմետրային (470–638 Մհց) տիրույթի ռադիոալիքներ` 12 հեռուստատեսային ծրագրով: Հ–ները հիմնականում պատրաստվում են սուպերհետերոդինային սխեմայով և ունենում են հետևյալ ֆունկցիոնալ մասերը, անցուղիների սելեկտոր, որտեղ տեղի է ունենում եկած հիմնական ազդանշանի փոխակերպումը միջանկյալի, ազդանշանի մշակման սարք, որն իր հերթին բաղկացած է միջանկյալ տեսազդանշանի ամպլիտուդային դետեկտորից, պայծառության ազդանշանի տեսաուժեղացուցիչից և գունային ազդանշանի մշակման հանգույցից (եթե Հ. գունավոր է): Վերջինիս մեջ առաջանում են պայծառության և գունային ազդանշաններ, որոնք տրվում են ընդունող խողովակի էլեկտրոդներին, իսկ ձայնային ուղեկցման ազդանշանն ուղարկվում է ձայնային անցուղի: Տողային և կադրային սինխրոնացման իմպուլսներն ուղարկվում են փռման գեներատոր: Գեներատորի փռման հանգույցը բաղկացած է տողային և կադրային սղոցաձե հոսանքի գեներատորներից, որոնք ազդում են ընդունող խողովակի` ճառագայթը բեկող կոճերի վրա: Խողովակի երկրորդ անոդին տրվում է բարձր լարում (21–25 կվ). հատուկ լարում է տրվում նաև խողովակի ճառագայթի կիզակետման համար: Գունավոր Հ. ունի եռաճառագայթ խողովակ և ճառագայթների համատեղման սարք: Ըստ որակական ցուցանիշների, էկրանի չափերի և շահագործման առանձնահատկությունների` ՍՍՀՄ–ում Հ–ները բաժանվում են 4 դասի. I–lll –ը` ստացիոնար, IV–ը` դյուրատար, փոխադրական: Ժամանակակից Հ–ներում գլխավորապես կիրառվում են կիսահաղորդչային սարքեր և ինտեգրալային միկրոսխեմաներ, որոնք աստիճանաբար դուրս են մղում էլեկտրոնային լամպերը:

Գրկ.Ельяшкевич С.А., Телевизоры, М.,1974 Самойлов Т.П., Скотин В. А., Телевизоры, Альбом схем, 2 изд., перераб. и доп., М., 1977