ՀՍՀ/ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ
ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ռազմական, թշնամու զորքերի վիճակի, գործողությունների և մտադրությունների, ինչպես նաև տեղանքի, ճառագայթային, քիմ. իրադրության ևնի մասին տվյալներ հավաքելու միջոցառումների ամբողջություն, որն անհրաժեշտ է հակառակորդին բազմակողմանիորեն գնահատելու և ճիշտ որոշում ընդունելու համար: Կազմակերպում է ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային և հակաօդային պաշտպանության զորատեսակների հրամանատարությունը: Հ–յան միջոցների և ձևերի զարգացումը սերտորեն կապված է պատերազմավարության միջոցների և ռազմ. գործողությունների փոփոխման հետ: Դրանց կատարելագործման համեմատ Հ–յան նշանակությունը անընդհատ մեծացել է: Ժամանակակից Հ. լինում է ռազմավարական, օպերատիվ, մարտավարական: Ռազմավարական Հ. տարվում է անընդհատ, խաղաղ և պատերազմական ժամանակներում, թշնամու ռազմա–տնտ. հզորության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով: Օպերատիվ Հ–յան նպատակն է թշնամու և ռազմաբեմերի վերաբերյալ տվյալների ձեռք բերումը: Մարտավարական Հ. կատարվում է ճիշտ պլանավորելու և մարտը հաջող վարելու նպատակով: Տիեզերական Հ. արտասահմանյան բանակներում իրականացվում է երկրի արհեստական արբանյակների (հետախուզական և օդերևութաբանական) միջոցով և համարվում է Հ–յան ռազմավարական և օպերատիվ մասշտաբի միջոց: Օդային Հ. իրագործվում է օդային նկարահանումների, դիտարկումների և բազմազան այլ միջոցներով: Նավային Հ. կատարվում է նավատորմի վերջրյա և ստորջրյա ուժերով, տարբեր տեխնիկական միջոցներով: Ջրային Հ. իրականացվում է ցամաքային զորքերի (հետևակային, տանկային, հրետանային, ինչպես նաև ինժեներական և քիմ.) ուժերով: Այն լայնորեն օգտագործում է էլեկտրաօպտիկական, ձայնային, ռադիոտեխնիկական և այլ միջոցներ: Հ–յան խնդիրների հաջող կատարումը կախված է բոլոր միջոցների սերտ համագործակցությունից և նրա լավ կազմակերպումից: Թշնամու Հ.–յան դեմ պայքարը կոչվում է հակահետախուզություն:
Մ. Կարապետյան
