Jump to content

ՀՍՀ/ՀԵՏԵՐՈԶԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՏԵՐՈԶԻՍ (հուն. –փոփոխություն, փոխակերպում), կենսաբանական երևույթ, որի դեպքում ոչ ազգակցական տրամախաչումից ստացված առաջին սերունդը (F 1) կամ հիբրիդը տնտեսական ու կենսաբանական մեկ կամ մի շարք հատկանիշներով գերազանցում է ծնողական ձևերին (տես Խաչասերում): «Հ.» տերմինն առաջարկել է ամերիկացի գենետիկ Գ. Շելը (1912–ին), սակայն գիտության մեջ այն գործածվում է 1914–ից: Մինչև այդ բուսաբուծության մեջ օգտագործվում էր «հիբրիդային ուժ» հասկացությունը, որն առաջին անգամ նկարագրել է Հ. Կելռեյտերը (1760–ին): Չնայած Հ–ի երևույթը մարդկությունը օգտագործում է հին ժամանակներից, բայց դեռևս դրա մեխանիզմը լրիվ չի բացահայաված: Բուսական և կենդանական պոպուլյացիաներում Հ. հանդես է գալիս գենետիկական բազում ձևերով` կենսունակությամբ, վերարտադրողականությամբ, մթերատվությամբ (բերքատվությամբ) ևն, իսկ երբեմն դրանց մասնակի կամ ամբողջական զուզակցմամբ ծնողական ձևերին գերազանցելու տարբերակներով: Ներկայումս գերիշխում է այն կարծիքը, որ Հ. հիմնականում պայմանավորված է գենետիկական տարբեր մեխանիզմներով, որտեղ կարևորվում են հատկապես դոմինանտությունը, հետերոզիգոտությունը և գերդոմինանտությունը: F 1–ի Հ. ցայտուն է դրսևորվում, երբ տրամախաչվում են մաքուր գծային կամ տևական ազգակցական բուծումից ստացված տարբեր ծնողական ձևեր կամ, այլ կերպ ասած, երբ բարձր է նրանց հոմոզիգոտության աստիճանը: Այս դեպքում, օրինակ, եթե X գիծն ունի AAbbDD, իսկ У գիծը` aaBBdd գենոտիպ, ապա F 1–ը կունենա AaBbDd գենոտիպ: Քանի որ դոմինանտ գեների (A, B, D) հետերոզիգոտ վիճակում (Aa, Bb, Dd,) գտնվելը ըստ դոմինանտության չի տարբերվում նրանց հոմոզիգոտությունից (AA, BB, DD), ուստի ենթադրվում է, որ այդպիսի գծերի տրամախաչման ժամանակ F 1–ն ունենում է ավելի շատ դոմինանտ բարենպաստ գործոններ, քան ծնողական ձևերից յուրաքանչյուրը: Գենետիկական կարևոր մեխանիզմներից է նաև հետերոզիգոտությունը, որը հիբրիդային օրգանիզմի ֆիզիոլոգիական հնարավորությունները հարստացնում է տարբեր ալելների մեծ հավաքածուով: Նման դեպքում միևնույն լոկուսի ոչ միատեսակ ալելները, ի տարբերություն հոմոզիգոտ վիճակի, պայմանավորում են օրգանիզմի կենսաքիմիական ֆունկցիաների առավել բազմազանություն, որովհետև գենոտիպը ընդգրկում է հետերոզիգոտ վիճակում գտնվող նոր գեներ: Միաժամանակ տվյալ լոկուսի հետերոզիգոտ ալելները ստեղծում են տնտ. օգտակար հատկանիշների դրսևորման փոխադարձաբար լրացնող գումարային արդյունք` շնորհիվ գերդոմինանտության: Հ. պայմանավորող գործոնների թվում չի բացառվում նաև գենետիկական հաշվեկշռի, էպիստազի, գենոտիպի և միջավայրի փոխազդեցության ևնի դերը: Քանի որ F 2 և հաջորդ սերունդներում Հ. անհետանում է, ուստի գործնականում կարևոր նշանակություն է ստանում F 1–ի պահպանումը: Այդ նպատակով լայնորեն կիրառվում է հետերոզիգոտ հիբրիդների (կարտոֆիլի, ելակի, ցիտրուսային կուլտուրաների, բազմաթիվ ծառատեսակների ևն) անսեռ բազմացման մեթոդը: Հիբրիդային կենդանիների բուծման համար կարևորվում է արհեստական պարթենոգենեզի կիրառումը: Այդպիսի փորձեր կատարված են շերամորդի, գորտերի և ճագարների վրա: Եգիպտացորենի Հ. արդյունավետ դարձնելու համար օգտագործում են 4 հիբրիդացված գծեր: Ըստ այդ սխեմայի, սկզբում ստանում են երկու միջգծային հիբրիդներ (Ա x Բ և Գ x Դ), որոնց բերքատվությունն անհամեմատ բարձր է, և սերմացուի պակասը չի թանկացնում արտադրությունը, իսկ այնուհետև որպես ծնողական ձևեր են ծառայում միջգծային հիբրիդները: Հ–ի շնորհիվ եգիպտացորենի բերքատվությունը ավելացել է 25–30–ով: Ներկայումս Հ. լայն կիրառություն է գտել բուսաբուծության գրեթե բոլոր ճյուղերում, թռչնաբուծության, խոզաբուծության և տավարաբուծության մեջ:

Գրկ. Кушнер Х. Ф., Генетические основы использования гетерозиса в животноводстве, в кн.: «Генетические основы селекции животных», М., 1969 Дубинин Н. П., Общая генетика, М., 1970 Майр Э., Популяции, виды и эволюция, М., 1974.

Վ. Աբրահամյան