ՀՍՀ/ՀԵՐԱԹԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ
ՀԵՐԱԹԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, միջինարևելյան մանրանկարչության դպրոց (հիմնականում ձեռագիր գրքերի նկարազարդումներ), որը գործել է XV դ.` Թեմուրյանների պետության մայրաքաղաք Հերաթում: Գործունեության առաջին շրջանը առնչվում է 1410–ական թթ. ձեռագրերի պալատական արվեստանոցի (քիթաբխահե) հիմնադրման, վերջինը` 1507–ին Շեյբանի–խանի կողմից Հերաթի գրավման հետ: Մանրանկարչության ծաղկմանը նպաստել է ֆեոդալական Հերաթի քաղաքային կյանքի ու մշակույթի զարգացումը: Հ. մ. դ–ի մանրանկարներում գործղղությունը ծավալվում է գարնանային ծաղկուն այգիների, գետակների ու լճակների, զարդապատ ճարտ. Կառույցների ֆոնի վրա: Հ. մ. դ–ի ստեղծագործություններին բնորոշ է առանց լուսաստվերի թանձր ու հագեցած գեղանկարչական մակերեսը: Լոկալ հնչեղ գույները սովորաբար ներդաշնակված են: Դպրոցի առաջին շրջանը, որ ժառանգաբար կապվում է XIV– XV դդ. Շիրազի, ինչպես և, հավանաբար, Բաղդադի ու Թավրիզի (տես Թավրիզի մանրանկարչության դպրոց) մանրանկարչության դպրոցների հետ, բնորոշվում է անմիջականորեն շարադրանքին ուղեկցող նկարազարդումներով: Մի քանի պլաններով կերպավորված բնանկարը համեմատաբար պարզ է, գործող անձանց թիվը մեծ չէ, մարմինները խոշոր են ու որոշ չափով ստատիկ, հորինվածքները հակված են համաչափության (Սաադիի «Գուլիստան»–ը, 1427, Չեստեր Բիտտիի գրադարան, Դուբլին, Նիզամու «Խամսե»–ն, 1431, Էրմիտաժ, Լենինգրադ): Բացառություն է Թեհրանի Գոլեստան պալատի գրադարանի «Շահնամե»–ի օրինակը (1430), որն առանձնանամ է չափերով և շեղվում այլ ձեռագրերին հատուկ կամերայնությունից: Այդ ձեռագրի մանրանկարների մարդաշատությունը, ճարտ. բարդ ֆոները, կրճատումներն ու շարժումների ռեալիստական բնույթը գեղ. նվաճում էին XV դ. վերջի Հ. մ. դ–ի համար և սերտորեն առնչվում էին Քեմալեդդին Բեհզադի նորարարական ստեղծագործությանը: Բեհզադը ընդարձակել է մանրանկարի տեսակների ու ժանրերի շրջանակը, ստեղծել նաև ձեռագրերի հետ չառնչվող հաստոցային էջեր ու դիմանկարներ: Իր ուսուցիչ Միրաք Նաղաշի և աշակերտ Քասիմ Ալիի հետ Բեհզադը պատկերազարդել է Նիզամու «Խամսե»–ն (1494–95, Բրիտանական թանգարան, Լոնդոն), որը ուշհերաթյան դպրոցի չափանմուշ է համարվում: XV դ. վերջին քառորդի մանրանկարիչները դիմել են սուր դրամատիկ իրավիճակների. բազմապլան. բարդ, տարածական կոմպոզիցիաները հաճախ դուրս են գալիս լուսանցքները («Բահրամ Հուրը խոցում է վիշապին» նկարազարդումը Նիզամու «Խամսե»–ից, 1493, Բրիտանական թանգարան) կամ անսպասելիորեն կտրվում շրջանակով: Հ. մ. դ–ի նորարարական բնույթը մանրանկարիչների սուր դիտողականության, մանրամասների ճշմարտացիության և հիմնականում մարդու նկատմամբ հետաքրքրության, նրա հուզական վիճակը արտահայտիչ շարժումների ու կեցվածքների, շրջակա բնանկարի միջոցով հաղորդելու ձգտման մեջ է: Հ. մ. դ–ի ազդեցությունը նկատելի է Թավրիզի, Միջին Ասիայի և մողոլյան մանրանկարչության դպրոցների նկարիչների գործերում:
Գրկ. Акимушкин О. Ф., Иванов А. А., Персидские миниатюры XIV–XVII вв., М., 1968.
