ՀՍՀ/ՀԵՐԱԿԼԻՈՍ
ՀԵՐԱԿԼԻՈՍ (‘75–641), բյուզանդական կայսր 610–ից: Գահ է բարձրացել Փոկասին տապալելուց հետո: Հիմնել է Հերակլիոսների դինաստիան (610–716): Գահակալման սկզբնական շրջանում շարունակվում էր դեռևս 602–ին սկսված բյուզանդա–պարսկական պատերազմը: Հս–ից և արմ–ից կայսրությունն ավերում էին սլավոնները, ավարները, լանգոբարդները: 619–ին հաշտություն կնքելով ավարների հետ` Հ. 621–ին արշավեց պարսից արքա Խոսրով II–ի դեմ: Հ–ի ռազմ. հաջող գործողությունները հիմնականում ծավալվում էին Հայաստանում և Ատրպատականում: Բյուզանդական բանակում կային նաև հայեր, լազեր, վրացիներ, աբազներ, խազարներ, զորավարների թվում էին Մժեժ Գնունին և Վահան Խորխոռունին: 628–ին կնքված հաշտությամբ վերականգնվեց 591–ի սահմանագիծը: 634–ին Ասորիք ներխուժեցին արաբները, իսկ 636–ին Յարմուկ գետի մոտ պարտության մատնեցին Հ–ի զորքը, նվաճեցին Ասորհքն ու Պաղեստինը: 635–ին Հ–ի դեմ անհաջող դավադրությանը մասնակցեցին Վահան Խորխոռունին և Դավիթ Սահառունին: Հ–ի ժամանակ սկզբնավորվեց կայսրության շրջանների կառավարման բանակա–թեմային համակարգը (տես Թեմեր): Հ. Փորձեց ստեղծել քրիստոնեական նորվարդապետություն` միակամություն (մոնոթելետիզմ), որի նպատակն էր կամրջել միաբնակներին և երկաբնակներին: 633–ին Հ. Կարինում գումարեց եկեղեցական ժողով, որին հրավիրված էին նաև կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցին և այլ հայ եպիսկոպոսներ ու վարդապետներ, որոնք թեպետ ընդունեցին նոր վարդապետությունը, սակայն շարունակեցին առաջնորդվել հայկ. եկեղեցու ծեսերով: Հայաստանի արլ. մասի հոգևորականությանը չմասնակցեց ժողովին և չընդունեց «միակամությունը»:
Հ. Բարթիկյան
