ՀՍՀ/ՀԵՐԱԿԼ II
ՀԵՐԱԿԼ II (7.11.1720, Թելավ – 11.1.1798, Թելավ), վրաց թագավոր, պետական գործիչ, զորավար, դիվանագետ: Վրաց Բագրատունիների դինաստիայից: 1744–ից եղել է Կախեթի, 1762–98–ին` Քարթլ–Կախեթի թագավոր: Ձգտել է անջատ–անջատ վրաց. հողերը միավորել իրանա–թուրքական տիրապետությունից ազատ մեկ միասնական պետության մեջ, ինչպես նաև ընդլայնել Վրատոանի տիրապետությունն Անդրկովկասում: Հ. II–ի քաղ. ծրագիրը («ազատություն» և «վերածնունդ) նախատեսում էր ստեղծել ուժեղ քրիստոնեական պետություն, միավորել վրաց և հայ ժողովուրդներին: Նա ամեն կերպ աշխատում էր իր կողմը գրավել հայ առևտրական կապիտալի ներկայացուցիչներին և եկեղեցիների միավորմամբ ամրացնել կապը հարևան քրիստոնյա ժոդովուրդների հետ: Հայ ազատագրական շարժման ականավոր ներկայացուցիչները (Հովսեփ Էմին, Շ. Շահամիրյան, Հ. Արղության, Հ. Լազարյան և ուրիշներ) հավանություն էին տալիս վրաց թագավորի ծրագրերին և իրենց կողմից առաջադրում վրաց–հայկական պետություն ստեղծելու նախագծեր, որին Հ. II վերաբերվում էր համակրանքով: Սակայն Վրաստանի վերելքի և Անդրկովկասի միացյալ քրիստոնեական պետության ստեղծման ծրագիրը չիրականացավ արտաքին անբարենպաստ քաղ. վիճակի և ներքին ֆեոդալական երկպառակությունների պատճառով: Հ. II 1783–ին կնքեց Գեորգիևսկի պայմանագիրը (տես Գեորգիևսկի պայմանագիր 1783), որով ճանաչեց Ռուսաստանի հովանավորությունը: Ներքին քաղաքականության մեջ Հ. II–ի գործունեությունն ուղղված էր երկրի արտադրողական ուժերի վերելքին, խոշոր հողատիրության (սաթավադո) դեմ պայքարին, պաշտպանության ամրապնդմանը (1773–ին ստեղծվեց մշտական զորք` մորիգեն): Նրա օրոք արգելվեց առանց հողատարածությունների և ընտանիքից անջատ ճորտերի վաճառքը: Հիմնվեցին պետ. դպրոցներ, ճեմարաններ (Թիֆլիսում` 1756–ին, Թելավում` 1782-ին):
Գրկ. Հայ Ժողովրդի պատմություն, հ. 4,1974: Иоаннисян А.Р., Иосиф Эмин, Е., 1945 Գ. Մայսուրաձե
