ՀՍՀ/ՀԵՐԲԱՐԹ
ՀԵՐԲԱՐԹ (Herbart) Յոհան Ֆրիդրիխ (4.5.1776, Օլդենբուրգ–14.8.1841, Գյոթինգեն), գերմանացի փիլիսոփա, հոգեբան և մանկավարժ: Կրթությունն ստացել է Ենայի համալսարանում: Հ. հակադրվել է հետկանտյան շրջանի գերմ. դասական իդեալիզմին, ժխտել գիտակցության ստեղծագործական և ինքնակա բնույթը: Նա փիլիսոփայության հիմքը համարել է փորձը, իսկ փիլիսոփայությունը` ինքը ըստ Հ–ի, պետք է զբաղվի «Փորձի հասկացությունների մշակմամբ», դրանք պարզաբանելու և շտկելու նպատակով: Հ. գոյություն ունեցող ամեն ինչի հիմք էր համարում «ռեալները»` հավերժական, անփոփոխ, հոգևոր (ինչպես Լայբնիցի «մոնադը»), անճանաչելի (ինչպես Կանտի «ինքնին իրը») էությունները: «Հոգին» առավել կատարյալ «ռեալն» է, որն առաջ է բերում բոլոր հոգեկան երևույթները: Տրամաբանության մեջ Հ. կանգնած էր Կանտի դիրքերում: Հ. այսպես կոչված ձևական գեղագիտության հիմնադիրն է: Ըստ Հ–ի գեղեցիկը դրսևորվում է համաչափության, համամասնության, ռիթմի, ներդաշնակության որոշակի ձևական հարաբերակցության մեջ: Հ–ի հոգեբանական գաղափարները զգալի հետք են թողել հոգեբանության պատմության մեջ: Հ. հանդես է եկել ընդունակությունների, որպես առաջնային և անտարրալուծելի հոգեկան ուժերի, ուսմունքի դեմ, քանի որ այն չի կարող բացատրել «հոգու բնական պատմությունը», այսինքն` մարդու հոգեկան կյանքի օրինաչափ ձևավորումը: Հ. առաջինը փորձեց հոգեբանությունը կառուցել որպես սիստեմատիկ գիտություն, որը, նրա կարծիքով, պետք է հիմնվի մետաֆիզիկայի, փորձի և մաթեմատիկայի վրա: Զբաղվել է անգիտակցականի և այլ հարցերով: Անգիտակցականի մասին նրա հայացքները դարձել են ֆրեյդիզմի աղբյուրներից: Զբաղվել է նաև դաստիարակության հարցերով, ըստ նրա փիլիսոփայությունը պետք է ցույց տա դաստիարակության նպատակը, իսկ հոգեբանությունը` դրան հասնելու միջոցները:
Երկ. S mtliche werke, Bd 1 – 19, Leipzig – Langensalza, 1882–1912 Избр. педагогические соч., т. 1, М., 1940.
Գրկ. Ярошевский М.Г., История психологии, М., 1966.
