ՀՍՀ/ՀԵՐԲԱՐԻՈՒՄ
ՀԵՐԲԱՐԻՈՒՄ (herbarium, լատ. herba– խոտաբույս),
1. գիտական մշակումների համար հատուկ հավաքված և չորացված բույսերի հավաքածու: Հավաքված բույսերը դրվում են դաշտային թղթապանակներում, թղթերի միջև և կապվում: Յուրաքանչյուր բույս պետք է ունենա իր պիտակը, որտեղ նշվում է հերթական համարը, անվանումը, գտնված վայրը, հավաքման ամսաթիվը, հավաքողի անուն–ազգանունը: Չորացված բույսերը ամրացվում են հաստ թղթերի վրա, համարակալվում և պիտակի հետ պահվում: Աշխարհի խոշորագույն Հ–ներից է ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի Վ. Լ. Կոմարովի անվ. բուսաբանության ինստ–ի Հ. (ավելի քան 5 մլն. թերթ): Մեծ Հ–ներ կան նաև Մոսկվայում, Տաշքենդում, Կիևում, Թբիլիսիում և այլուր: Հայկ. ՍՍՀ ԳԱ բուսաբանության ինստ–ի Հ. (շուրջ 200.000 թերթ) կազմակերպել է Ա. Շելկովնիկովը (1925): Հ–ի հիմնական կոլեկտորներից են Ս. Թամամշյանը, Ա. Արարատյանը, Ե. Բորձիլովսկին, Ա. Գրոսգեյմը, Յա. Մուլքիջանյանը, Վ. Ավետիսյանը, Է. Գաբրիելյանը և ուրիշներ:
2. Հիմնարկություն, որտեղ պահվում են գիտական նպատակով հավաքված ու չորացված բույսերը: Հ–ում թերթերը այբբենականությամբ դասավորվում են ըստ բույսերի տեսակի, ցեղի, ընտանիքի ևն:
Ե. Ավետիսյան
