ՀՍՀ/ՀԵՐԴԵՐ
ՀԵՐԴԵՐ (Herder) Յոհան Գոթֆրիդ (1744, Մորունգեն, Արևելյան Պրուսիա –1803, Վայմար), գերմանացի փիլիսոփա, գրող–լուսավորիչ: Նրա «Գաղափարներ մարդկության պատմության փիլիսոփայության շուրջ» (մաս 1–4, 1784–91) երկը համակված է այն գաղափարով, որ մարդկային պատմության ամեն մի դարաշրջան յուրահատուկ է: Հ. ընդգծում է տարբեր ժողովուրդների, մասնավորապես` հարավ–սլավոնական ժողովուրդների հոգևոր մշակույթի յուրահատկությունը: Այստեղ Հ. խոսում է նաև հայերի ու Հայաստանի մասին: Հայերենը համարելով «հնադարյան հրաշալի լեզու»` նա նշում է, որ այդ լեզուն կրող ժողովրդի երկիրը դարեր շարունակ ասպատակել են պարսիկները, հռոմեացիները, թուրքերը և ուրիշներ, որոնք խոչընդոտել են նրան` կառուցելու «գիտության ու պետության իր շենքը»: Հ. մարդկության զարգացման բարձրագույն սկզբունքը համարել է մարդկայնության, այսինքն` բանականության ու արդարության իրականացումը («Նամակներ մարդկայնությունը խրախուսելու մասին», 1794–97): Մարդասիրությունը դիտելով որպես մարդուն բնորոշ սկզբունք, որն ի սկզբանե հատուկ է նրան և բնութագրում է նրա էությունը, Հ. այդ կապակցությամբ մարդուն օրգանական աշխարհում դիտում է որպես «բնության առաջին ազատարձակի», որը երկակի ծագում ունի` բնական ու հոգևոր: Գրել է «Գերմանական նորագույն գրականության մասին: Պատառիկներ» (1766–68), «Քննադատական թավուտներ» (1769), «Հին և նոր ժամանակներում ժողովուրդների բարքերի վրա բանաստեղծական արվեստի ազդեցության մասին» (1781) և այլ աշխատություններ: «Ուսումնասիրություն լեզվի ծագման մասին» (1772), «Շեքսպիր» և «Հատված Օսիանի ու հին ժողովուրդների երգերի վերաբերյալ նամակագրությունից» (1773) գործերում Հ. ստեղծեց ժող. պոեզիայի տեսությունը, որը դարձավ «Գրոհի և փոթորկի» գրական մանիֆեստը:
