ՀՍՀ/ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ
ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, հերձվածություն, քրիստոնեական պաշտոնական եկեղեցիների դավանաբանությունից ու դոգմաներից շեղված կրոնական հոսանք: Շահագործող դասակարգերի գաղափարախոսությունը դարձած պաշտոնական կրոնի գերիշխման ժամանակաշրջանում եղել է բողոքի առանձնահատուկ ձև, հաճախ վերաճել ժող. շարժման: Երևան է եկել դեռևս քրիստոնեության ձևավորման ժամանակաշրջանում (I–II դդ.): Վաղ քրիստոնեական Հ–ները (նիկոլայականներ, մոնտանականներ ևն) հուդայականության հեսսեների աղանդի ու նորպլատոնականության (Փիլոն Աղեքսանդրացու ուսմունք) ազդեցությամբ պայքարել են կազմակերպվող «հարուստ եկեղեցու», միահեծան եպիսկոպոսության դեմ, քարոզել «երկնային արքայության» մոտալուտ գալուստը: I– III դդ. տարածված էր նաև գնոստիցիզմը (Հայաստանում` առավելապես մարկիոնականությունը): IV դ., երբ քրիստոնեությունը Հայաստանում, Բյուզանդիայում ևն երկրներում հաստատվեց որպես պաշտոնական կրոն, հալածանք սկսվեց Հ–յան դեմ: IV–VI դդ. առավել նշանակալից Հ–ներն էին արիոսականությունը, նեստորականությունը, միաբնակությունը (տես Միաբնակներ), միիշխանականությունը: Միաբնակությունը Հայաստանում միահյուսվեց քաղ. անկախության ձգտմանը: Նույն դարերում Փոքր Ասիայում և Հայաստանում տարածվեցին բորբորիտների շարժումն ու մծղնեությունը ևն: Ֆեոդալական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, ինչպես նաև մանիքեության ազդեցությամբ Հ–ները ստացան դուալիստական ուսմունքի բնույթ («ապականված», չար երկրային կյանքին հակադրում էր աստծո հետ հոգեկան մերձեցման ձգտումը): VI– VII դդ. Հայաստանում և Բյուզանդիայում բռնկվեց հակաֆեոդալական Պավլիկյան շարժումը: Այդ շարժման ազդեցությամբ X դ. Բուլղարիայում առաջացած Բոգոմիլների աղանդն արտահայտում էր գյուղացիների բողոքը ճորտացման դեմ: IX–X դդ. Հայաստանում ծավալված Թոնդրակյան շարժումը հակաֆեոդալական պայքար լինելուց բացի ուներ նաև ազզային–ազատագրական բնույթ: Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում Հ. տարածվեց XI դ. երկրորդ կեսից` կապված քաղաքների զարգացման հետ: Ֆեոդալների և եկեղեցու դեմ բյուրգերության պայքարն արտահայտվեց կաթարների և ալբիգոյցիների Հ–ներում: Բյուրգերական Հ–ները պահանջում էին «էժան եկեղեցի»` պաշտամունքի պարզեցում, եկեղեցու հարստությունների և հողերի բռնագրավում, եկեղեցու քաղ. իշխանության սահմանափակում: Բյուրգերական Հ. արտահայտվել է նաև Առնոլդ Բրեշիացու, Ուիկլիֆի, Յան Հուսի ուսմունքներում: Բյուրգերական Հ. նախադրյալներ ստեղծեց Ռեֆորմացիայի համար: Ի տարբերություն բյուրգերականի, «առաքելական եղբայրներ»–ը, դոլչինոականները (Իտալիայում), լոլլարդները (Անգլիայում), տաբորականները (Չեխիայում) և այլ Հ–ներ պայքարում էին ընդհանրապես դասային արտոնությունների, մասնավոր սեփականության, պետության վերացման, մարդկանց միջև բացարձակ հավասարության հաստատման համար` արտահայտելով չքավոր քաղաքային բնակչության և ընչազուրկ գյուղացիության ձգտումները: Այդ Հ–ները նախապատրաստեցին XVI– XVII դդ. Գերմանիայում, Նիդերլանդներում, Անգլիայում բռնկված բուրժ. հեղափոխություններին մասնակցած ժող. զանգվածների գաղափարախոսությունը: Հայաստանում չքավոր գյուղացիության ձգտումների արտահայտություններ էին Դավիթ Ծարեցու (XIII դ.) և Մեխլուի (XVI–XVII դդ.) գլխավորած շարժումները: Հ–ները ենթարկվել են կատաղի հետապնդման: XI–XII դարերից հերետիկոսներին հայտարարել են օրենքից դուրս, ենթարկել ողջակիզման: XII դ. վերջին կաթոլիկ եկեղեցին, Հ–ների դեմ պայքարի ուժեղացման նպատակով, ստեղծեց ինկվիզիցիան: Հ–ները նպաստել են ֆեոդալիզմի քայքայմանը: Կապիտալիստական հասարակարգում Հ–ները կորցրին իրենց առաջադիմական բնույթը, խոչընդոտ դարձան շահագործողների դասակարգային գիտակցության աճին ու միասնական պայքարի կազմակերպմանը:
Գրկ. Маркс К. и Энгельс Ф., О религии, М., 1955 Տեր–Մինասյան Ե. Գ., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968:
