ՀՍՀ/ՀԵՐԵՐՈՆԵՐԻ ԵՎ ՀՈՏԵՆՏՈՏՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1904–1907
ՀԵՐԵՐՈՆԵՐԻ ԵՎ ՀՈՏԵՆՏՈՏՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1904–1907, Հարավ–Արևմտյան Աֆրիկայի (Նամիբիա) բնիկների ապստամբությունը գերմանական տիրապետության դեմ: Ծագել է գաղութային դաժան շահագործման և աֆրիկացիների հողազրկման պատճառով: Ապստամբությունը սկսել են հերերոները, 1904–ի հունվ. 12–ին, ազատագրել երկրի կենտրոնական մասը: Գերմ. գաղութարարները ապրիլին պարտության են մատնել նրանց: Հերերոների մի մասը կոտորվել է ճակատամարտում, մի մասը` անապատում, ուր նահանջել էր: Շատերին բռնի փոխադրել են գերմ. գաղութաբնակների ֆերմաները: 1904–ի հոկտ. 3–ին ապստամբել են հոտենտոտները, որոնք իրենց առաջնորդի մահից (1905) հետո բաժանվել են մանր խմբերի և շարունակել պայքարը մինչև 1907–ը: Գերմ. գաղութարարները, ստանալով սահմանամերձ Կապ (Քեյփ) գաղութի զորքերի օգնությունը, կոտորել են հոտենտոտների զգալի մասին, մնացածներին բնակեցրել չոր, անբերրի շրջաններում: 1907–ին գաղութարարները բռնագրավել են հերերոների հողերը, վերացրել նրանց համայնական, ցեղային կազմակերպությունը:
