ՀՍՀ/ՀԵՐԿՈՒԼԱՆՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԵՐԿՈՒԼԱՆՈՒՄ, Հերկուլանեում (Herculaneum), հին քաղաք Կամպանիայում (Իտալիա), Նեապոլի ծոցի ափին, Նեապոլից հվ–արմ., Վեզուվի ստորոտին: Առաջացել է մ. թ. ա. VII դ., որպես օսկերի բնակավայր: Հետագայում Հ–ում բնակվել են էտրուսկներ, հույներ: Մ. թ. ա. 307–ից ենթարկվել է Հռոմին: 79–ին, վեզուվի ժայթքման հետևանքով, ավերվել ու ծածկվել է հրաբխային լավայի ու մոխրի 10– 12 մ հաստությամբ շերտով: Պեղվում է XVIII դարից: Բացվել են հրապարակը, սյունասրահը, 3 հզ. տեղանոց թատրոն, 2 բաղնիք, մարզադպրոց, բնակելի թաղամասեր, մերձքաղաքային առանձնատներ (որոնցից մեկում` հուն, մագաղաթյա ձեռագրեր պարունակող գրադարան), արվեստի ու կենցաղային առարկաներ ևն:
