Jump to content

ՀՍՀ/ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ (Ահերմոնի վանք, Կնեվանք), հայկական ճարտարապետական հուշարձան ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, Եղեգիս գետի ձորալանջին: Եղել է Սյունիքի կրոն. և մշակութային նշանավոր կենտրոն: 936–ին հիմնադրել են Սյունյաց գահերեց Սմբատ իշխանը և Հակոբ եպիսկոպոսը: 1338–ին այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր վարդապետը և հիմք դրել նոր դպրոցի (տես Հերմոնի վանքի դպրոց), որը գոոծել է մինչև XV դ. վերջերը: Հ. վ–ում գործել են նշանավոր մտավորականներ, նկարիչներ, գրվել են բազմաթիվ ձեռագրեր: Ներկայիս Ս. Գրիգոր եկեղեցին մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկ է` կառուցված XVII դ., սրբատաշ բազալտից: Քանդված են ծածկը և հվ. պատի մի մասը: Վանքն ունի կանոնավոր, ուղղանկյուն հատակագծով պարիսպներով շրջափակված ընդարձակ բակ, ուր պահպանվել են երբեմնի համալիրի աշխարհիկ շինությունների հետքերը:

Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963: Հասրաթյան Մ., Սյունիքի XVII–XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973: Մ. Հասրաթյան