Jump to content

ՀՍՀ/ՀԵՐՇԵԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՇԵԼ (Herschel) Վիլյամ (Ֆրիդրիխ Վիլհելմ) (15.11.1738, Հանովեր 25.8.1822, Սլաու, Լոնդոնի մոտ), անգլիացի աստղագետ: Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ (1781–ից), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1789): 1757–ին տեղափոխվել է Անգլիա: Աստղագիտություն սովորել է ինքնուրույն: Պատրաստել է աստղադիտակների հարյուրավոր հայելիներ: 1786–89–ին պատրաստել է իր ամենամեծ ռեֆլեկտորը (երկարությունը` 12 մ, հայելու տրամագիծը` 122 սմ): Երկնքի դիտումներն սկսել է 1773–ից: Հայտնաբերել է Ուրան մոլորակը (13.3.1781), Ուրանի երկու արբանյակը (1787), դրանց հակադարձ շարժումը (1797), Սատուրնի երկու արբանյակը (1789), չափել Սատուրնի և նրա օղակների պտտման պարբերությունները (1790) ևն: Հաստատել է կրկնակի աստղերի գոյությունը և կազմել դրանց երեք աստղացուցակ: Հայտնաբերել է ավելի քան 2500 նոր միգամածություններ և աստղակույտեր, ուսումնասիրել Արեգակի և բազմաթիվ աստղերի սպեկտրները: Առաջինն է նշել Գալակտիկայի ընդհանուր ձևն ու գնահատել նրա չափերը: Հայտնաբերել է արեգակնային համակարգի շարժումը տարածության մեջ, առաջ քաշել դիֆուզ նյութից աստղերի առաջացման միգամածային կոսմոգոնիական վարկած:

Գրկ. Еремеева А. И., Вселенная Гершеля, М., 1966.