Jump to content

ՀՍՀ/ՀԵՐՈԴՈՏՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՈԴՈՏՈՍ (մ. թ. ա. մոտ 485, Հալիկառնասոս – մ. թ. ա. մոտ 425), հույն պատմիչ: Երիտասարդ տարիներին գործուն մասնակցություն է ունեցել ծննդավայրի հասարակական–քաղ. կյանքին: Հույն–պարսկ. պատերազմների (մ. թ. ա. 500–449) ավարտից հետո տեղափոխվել է համահուն. կենտրոն դարձած Աթենք, կապեր հաստատել հուն. մշակույթի հայտնի գործիչների հետ, որոնք համախմբված էին ժամանակի խոշոր քաղ. գործիչ Պերիկլեսի շուրջ: Այդ միջավայրում ձևավորվել է Հ–ի քաղ. աշխարհայացքը, նա դարձել է աթենական ստրկատիրական չափավոր դեմոկրտտիայի ջատագովը: Ճանապարհորդել է բազմաթիվ երկրներ` Կիմմերյան Բոսպոր, Սև ծովի ավազանի հուն. գաղութներ, սկյութների երկիր. Կողքիս, Կիպրոս, Եգիպտոս, Իտալիա, Սիկիլիա, Փյունիկիա, Բաբելոն, Պարսկաստան ևն: Մոտ 443–ին Աթենքից տեղափոխվել է Թուրիա (Հարավային Իտալիա): Աթենքում գրել է իր նշանավոր աշխատությունը, որը պայմանականորեն անվանվում է «Պատմություն»: Հ. սկզբնապես ծրագրել էր շարադրել հույն–պարսկ. պատերազմների պատմությունը, որն այդ պատմաշրջանի կարևորագույն քաղ. իրադարձությունն էր: Սակայն, շարադրանքի ընթացքում, չի սահմանափակվել միայն պատերազմական գործողությունների նկարագրությամբ, այլ տվել է նաև պարսից տերության, նրա սահմաններում ապրող բոլոր ժողովուրդների պատմությունը: Ալեքսանդրացի քերականները աշխատությունը բաժանել են 9 գրքի` յուրաքանչյուրը վերնագրված արվեստների հովանավոր 9 մուսաներից մեկի անունով: Բովանդակում է հուն, աշխարհի և Արևելքի 240 տարվա պատմություն: Առաջին գրքում շարադրում է Լիդիական թագավորության, Աքեմենյան տերության և նրա նվաճած երկրների ու ժողովուրդները պատմությունը, նկարագրում Պարսկաստանի հզորացումը: Երկրորդ գիրքը նվիրված է Եգիպտոսին: Երրորդում տեղեկություններ է տալիս Աքեմենյան տերության սատրապությունների, տարբեր երկրներից ստացվող եկամուտների, պարսկ. պետության կառավարման համակարգի, պարսից կենցաղի, ռազմ. արվեստի և քաղ. պատմության վերաբերյալ: Չորրորդ գիրքը պատմում է սկյութների երկրի, նրանց դեմ Դարեհ I–ի արշավանքի և Լիբիայի (Աֆրիկա) մասին: Հինգերորդում խոսում է թրակիական ցեղերի, Մակեդոնիայի, հուն. պոլիսների, Հոնիայի քաղաքների հակապարսկ. ապստամբության մասին: Վեցերորդ գրքից շարադրել է բուն նյութը` հույն–պարսկ. պատերազմները: Ենթադրվում է, որ Հ–ի գործը մնացել է անավարտ: Հ. առաջին պատմիչն է, որը գրել է համաշխարհային պատմությունը, որոշակի պլանով, օգտագործել բազմապիսի նյութեր (գրավոր և բանավոր աղբյուրներ, վիմագիր արձանագրություններ, ճանապարհորդությունների ընթացքում քաղած տեղեկություններ, լոգոգրաֆների գործեր ևն): Հ. դեպքերը շարադրում է անկողմնակալ: Գրելու մեթոդը ավելի նկարագրական է, քան վերլուծական: Վստահելով աղբյուրներին` խտրություն չի դրել դրանց մեջ, թեև նկատելի է աղբյուրների նկատմամբ քննադատական մոտեցում, և երկի որոշ թերություններ պայմանավորված են դրանց անճշտությամբ և ժամանակի գիտելիքների մակարդակով: Հ. բարձր է գնահատում հայրենասիրությունը, որի լավագույն դրսևորումը համարում է աթենացիների հայրենասիրությունը, իսկ իդեալական քաղ. կարգ` պերիկլեսյան դեմոկրատիան: Հ. պատշաճն է մատուցում Արևելքի ժողովուրդների արժանիքներին և մշակութային նվաճումներին: Երկն ունի գեղարվեստական բարձր արժանիքներ, լեզվական նուրբ ոճ: Հ. մեծ նշանակություն է տալիս երազներին, հրաշքներին, նախապաշարումներին, միաժամանակ գործը տոգորված է Նեմեսիսի` աստվածային վրեժխնդրության գաղափարով, որը հատուցում և պատժում է ամբարտավանությունը, նենգությունը: Հ–ի «Պատմությունը» հնագույն ժողովուրդների մասին պատմական, աշխարհագրական տեղեկությունների (որոնք մեծ մասամբ հաստատվել են հնագիտական տվյալներով) և գիտելիքների յուրատեսակ հանրագիտարան է: Հ. լոգոգրաֆների ժամանակ ձևավորվող պատմագրությունը դարձրեց գիտություն: Նա նաև աշխարհագրական գիտության հիմնադիրներից է: Հ–ին բարձր են գնահատել դեռևս անտիկ ժամանակաշրջանում: Արիստոտելը նրա երկը համարել է պատմագրության օրինակելի նմուշ, իսկ Կիկերոնը Հ–ին անվանել է «պատմահայր»: Հ–ի աշխատությունը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանն ուսումնասիրելու համար: Այն առաջին պատմագրական հուշարձանն է, որտեղ հավաստի տեղեկություններ կան Հայաստանի և հայերի մասին (գիրք 1, գլուխ 72, 180, 194, գիրք 3, գլուխ 93, գիրք 5, գլուխ 49, 52, գիրք 7, գլուխ 73): Խոսվում է Աքեմենյանների գերիշխանության տակ գտնվող Հայաստանի, նրանից գանձվող հարկերի, պարսկ. բանակի կազմում հայկական զորքի և նրա հանդերձանքի, Հայկական լեռնաշխարհի` մյուս երկրների հետ ունեցած առևտրական կապերի մասին:

Երկ. История в девяти книгах, Л., 1972.

Գրկ. Лурье С. Я., Геродот, М.–Л.,1947 Myres J.L., Herodotus father of history, Oxf., 1953. U. Կրկյաշարյան