Jump to content

ՀՍՀ/ՀԵՐՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՈՆ ("ծն. և մահ. թթ. անհտ., հավանաբար I դ.), հին հույն գիտնական: Աշխատել է Ալեքսանդրիայում: Համակարգված շարադրել է անտիկ աշխարհի կիրառական մեխանիկայի և մաթեմատիկայի նվաճումները: «Պնևմատիկա» և «Մեխանիկա» աշխատանքներում նկարագրել է տաքացված և սեղմված օդով կամ գոլորշով աշխատող զանազան մեխանիզմներ և պարզագույն մեքենաներ` լծակ, ճախարակ, սեպ, պտուտակ ևն: «Դիօպտրի մասին» աշխատանքում շարադրել է հողային գծահանման կանոնները (որոնք փաստորեն հիմնված են ուղղանկյուն կոորդինատների օգտագործման վրա), նկարագրել դիօպտրը` անկյուններ չափող գործիքը (արդի թեոդոլիտի նախատիպն է): «Մետրիկայում» տրված են երկրաչափական տարբեր մարմինների ճշգրիտ և մոտավոր հաշվարկման կանոններ ու բանաձևեր, օրինակ, եռանկյան մակերեսը իր երեք կողմով հաշվելու այսպես կոչված Հերոնի բանաձևը: Մաթ. աշխատանքներում կանոնները հաճախ ոչ թե արտածվում, այլ բացատրվում են օրինակներով: