ՀՍՀ/ՀԵՐՈՍ
ՀԵՐՈՍ ՔԱՂԱՔ, պատվավոր կոչում, որին արժանացել են 1941–45–ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իրենց հերոսական դիմադրությամբ հռչակված ՍՍՀՄ քաղաքներ Մոսկվան, Լենինգրադը, Կիևը, Օդեսան, Սևաստոպոլը, Վոլգոգրադը, Մինսկը, Կերչը, Նովոռոսիյսկը, Տուլան: Մոսկվայի պաշտպանությունը տևել է 1941–ի սեպտ. 30–ից դեկտ. 5–ը, Լենինգրադինը` 1941–ի հուլիսի 10–ից 1944–ի հունվարի 14–ը, Կիևինը` 1941–ի հուլիսի 10–ից սեպտ. 19–ը, Օդեսայինը` 1941–ի օգոստ. 10–ից հոկտ. 16–ը, Սևաստոպոլինը` 1941-ի հոկտ. 30–ից 1942–ի հուլիսի 4–ը, Ստալինգրադինը (այժմ` Վոլգոգրադ)` 1942–ի հուլիսի 17–ից նոյեմբ. 18–ը, Նովոռոսիյսկինը` 1942–ի օգոստ. 19–ից սեպտ. 26–ը, Տուլայինը` 1941–ի հոկտ. 24–ից դեկտ. 5–ը: Ի նշանավորումն զորքերի սխրանքի և այդ քաղաքների բնակչության մասսայական հերոսության` ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով 1942–ի դեկտ. 22–ին հաստատվեցին «Լենինգրադի պաշտպանության համար», «Օդեսայի պաշտպանության համար», «Սևաստոպոլի պաշտպանության համար», «Ստալինգրադի պաշտպանության համար», 1944–ի մայիսի 1–ին` «Մոսկվայի պաշտպանության համար», 1961–ի հունիսի 21–ին` «Կիևի պաշտպանության համար» մեդալներ, որոնցով պարգևատրվեցին պաշտպանության բոլոր մասնակիցները, իսկ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1965–ի մայիսի 8–ի հրամանագրով քաղաքներին շնորհվեց Հ. ք. պատվավոր կոչումը: Հ. ք–ում կանգնեցվում է կոթող` Լենինի շքանշանի, «Ոսկե աստղ» մեդալի և ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրի տեքստի պատկերմամբ:
