Jump to content

ՀՍՀ/ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ, հասարակական առումով մարդու ակնառու գործունեություն, որը համապատասխանում է ժողովրդական զանգվածների, առաջավոր դասակարգերի շահերին և պահանջում է անձնական քաջություն, տոկունություն, անձնազոհության պատրաստականություն: Հ–յան իդեալները սկզբնապես արտացոլվել են տարերայնորեն ձևավորված մասսայական բարոյական գիտակցության, ժող. բանահյուսության մեջ (մասնավորապես հերոսական էպոսում), իսկ հետագայում դարձել գեղարվեստական գրականության ու արվեստի, ինչպես նաև բարոյագիտության, գեղագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության ուսումնասիրության առարկա: Որոշ մտածողներ (Ջ. Վիկո, Հեգել) Հ. բացառապես կապել են, այսպես կոչված, «հերոսական դարաշրջանի» (անտիկ հասարակության) հետ: Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ մարդկանց հերոսական գործունեությունը որոշակի շրջանով սահմանափակելը սխալ է: Լուսավորիչները (ժ. Ժ. Ռուսո, Գ. Լեսինգ, Ֆ. Շիլլեր) և հեղափոխական ռոմանտիզմի ներկայացուցիչները (Ջ. Բայրոն, Կ. Ռիլև, Ջ. Մաձինի) ստեղծեցին ազգային ու քաղ. ազատության, մարդկանց «բնական» հավասարության համար պայքարող հերոսական անձնավորության խռովարարության գաղափարը: Հետադիմական ռոմանտիզմը, ընդհակառակը, հերոսներին հակադրում էր ժողովրդին («ամբոխին») և նույնիսկ աստվածացնում նրանց (Թ. Կարլեյլ), իսկ Ֆ. Նիցշեն առաջ էր քաշում «գերմարդու» գաղափարը: Այս գաղափարները հետագա զարգացում ստացան XX դ. բուրժ. մտքի հետադիմական ուսմունքներում: XIX դ. ռուս նարոդնիկները և անարխիզմի գաղափարախոսները բացարձականացնում էին առանձին հերոսական արարքն ու անհատական սխրանքը: Քննադատելով այսպիսի ըմբռնումը` Չեռնիշևսկին անհաաի գործունեության ուժն ու հաջողությունը տեսնում էր ժող. մասսաների հետ նրանց ունեցած կապի մեջ: Ընդհանրացնելով հայ իրականության մեջ Հ–յան պրոբլեմի քննարկման ավանդույթները` Խ. Աբովյանը և, հատկապես, Մ. Նալբանդյանը, ցույց են տվել անհատի և ժողովրդի գործունեության փոխկապվածությունը և հերոսականի էությունը մեկնաբանել են այդ համակարգում: Կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանում լայն մշակում է ստանում Հ–յան մարքս–լենինյան ըմբռնումը, որի բնորոշ գիծը անհատական սխրագործության, առանձին խմբերի հերոսական նախաձեռնության միաձուլումն է մասսայական հերոսական գործողությունների հետ: Մասսաների Հ. սոցիալիստական հեղափոխության և կոմունիստական հասարակարգի անհրաժեշտ պայմանն է: Հոկտեմբերյան հեղափոխությունը, սոցիալիզմի և կոմունիզմի կառուցումը, Հայրենական մեծ պատերազմը ժողովրդի մեջ ծնեցին հերոսական բազում սխրագործություններ: Վ. Ի. Լենինը նշում էր, որ սոցիալիզմի հաղթանակը ոչ մի դեպքում չի կարող լուծվել «առանձին ոգեշնչման հերոսությամբ, այլ պահանջում է մասսայական և առօրյա աշխատանքի ամենաերկարատև, ամենահամառ, ամենադժվար հերոսություն» (Երկ., հ. 29, էջ 518): ՍՍՀՄում սահմանված են Սովետական Միության հերոսի (1934), սոցիաղիստական աշխատանքի հերոսի (1938) պատվավոր կոչումներ: