ՀՍՀ/ՀԵՐՈՍ ԱՆԴՐՇԻՐԻՄՅԱՆ
ՀԵՐՈՍ (հուն.), անդրշիրիմյան ոգի հին հունական դիցաբանության մեջ: Նախապես Հ. են համարվել Կրետե–Միկենյան դարաշրջանի մի քանի աստվածների, առասպելական նախնիների, դյուցազունների, առաջնորդների, ցեղերի ու պոլիսների անվանադիր նախահայրերի ոգիները: Հեսիոդոսը Հ–ներ է անվանում աստվածների ու մահկանացուների միությունից սերած կիսաստվածներին: Դասական հնադարում Հ–ներ են հռչակվել նաև հայրենիքի ազատության մարտիկներն ու ականավոր զորավարները: Հ–ի տաճարի, աճյունի կամ հուշարձանի մոտ կատարվել են անդրշիրիմյան բնույթի ծեսեր (երեկոյան կամ գիշերային ժամերին զոհերի մատուցում, աղոթքներ, ոգեխոսություններ ևն): Հ. դիտվել է մարդկանց պահապան, չար ուժերի խափանիչ, միջնորդ` աստվածների ու մարդկանց միջև: Հունաստանում ու Հռոմում շատ ազնվական տոհմեր իրենց ծագումը կապել են այս կամ այն Հ–ի անվան հետ: Հ–ի պաշտամունքի ազդեցությամբ աստվածացվել են հելլենիստական թագավորներր, Հռոմի կայսրերը: Հ–ների պաշտամունքի մի շարք գծեր հետագայում քրիստոնեությունը վերագրեց սրբերին:
