Jump to content

ՀՍՀ/ՀԵՐՈՎԴԵՍ I

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՈՎԴԵՍ I Մեծ, Հերովդես Ագրիպպիաս (մ. թ. ա. մոտ 73– մ. թ. ա. 4), Հրեաստանի (Հուդայի) թագավոր մ. թ. ա. 40–ից (փաստորեն` 37–ից): 47-ից եղել է Գալիլեայի (մարզ Պաղեստինի հս–արմ–ում) կառավարիչը: 40–ին Հռոմի ծերակույտից հռչակվել է Հրեաստանի թագավոր «Հռոմի բարեկամ», 37–ին հռոմ. զորքերի օգնությամբ գրավել Երուսաղեմը: Ընդարձակել է երկրի սահմանները` համարյա ընդգրկելով Դավթի հնագույն թագավորության տարածքը: Արտաքին քաղաքականության ասպարեգում կախված լինելով Հռոմից` խոչընդոտել է Հռոմի անմիջական միջամտությունը երկրի ներքին գործերին: Ըստ Ավետարանի (Մատթեոս, Բ, 1–17), նրա օրոք ծնվել է Քրիստոսը, և Հ. I, վախենալով նրա վերաբերյալ մարգարեությունից (Թվոց, ԻԴ, 17–19, Մարգարեություն Եսայու, Բ, 1–5, Թ, 6 ևն, Մարգարեություն Երեմիայի, ԼԳ, 15 ևն) ու չիմանալով, թե ուր են փախցրել նրան ծնողները, հրամայել է կոտորել 2 տարեկանից փոքր մանուկներին: Մովսես Խորենացին, օգտվելով Հովսեպոս Փլավիոսից և լրացնելով նրան, տեղեկություններ է հաղորդում Հ. I–ի, մասնավորապես` նրա և հայոց զորքերի ընդհարումների, հայոց թագավորների հետ փոխհարաբերությունների մասին: Մ. թ. I դ. Հայաստանում Հռոմի դրածո թագավորներից Տիգրան Ե (մ. թ. մոտ 6) Հ. I–ի թոռն էր, Տիգրան Զ (մ. թ. 60–61)` ծոռը: Մ. թ. 54 կամ 55–ին Ներոնը Փոքր Հայքի թագավոր է դարձրել Հ–ի սերնդից ոմն Արիստոբուլոսի:

Գրկ. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968: Հայ ժողովրդի պատմություն, հ. I, Ե., 1971: Лившиц Г. М., Классовая борьба в Иудее и восстания против Рима, Минск, гл. 7, 1957.