ՀՍՀ/ՀԵՐՑ ՀԵՆՐԻԽ
ՀԵՐՑ (Hertz) Հենրիխ Ռուդոլֆ (22.2.1857, Համբուրգ–1.1.1894, Բոնն), գերմանացի ֆիզիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից: 1885–89–ին` Կարլսռուեի բարձրագույն տեխ. դպրոցի, 1889–ից` Բոննի համալսարանի պրոֆեսոր: 1886–89–ին փորձով ապացուցել է էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը և հետազոտել դրանց հատկությունները` օգտագործելով իր ստեղծած վիբրատորը: Հաստատել է Մաքսվելի տեսությունից բխող այն եզրակացությունը, որ օդում էլեկտրամագնիսական ալիքների տարածման արագությունը հավասար է լույսի արագությանը, ապացուցել էլեկտրամագնիսական և լուսային ալիքների հիմնական հատկությունների նույնությունը, այսինքն` լույսի էլեկտրամագնիսական բնույթը: Զարգացրել է Մաքսվելի տեսությունը և էլեկտրադինամիկայի հավասարումները բերել սիմետրիկ տեսքի, որի շնորհիվ հեշտությամբ հայտնաբերվում է էլեկտրական և մագնիսական երևույթների փոխադարձ կապը: 1886–87–ին առաջինն է դիտել ու նկարագրել արտաքին ֆոտոէֆեկտը: Ուսումնասիրել է կաթոդային ճառագայթների հատկությունները, հետազոտել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը էլեկտրական պարպման վրա: Մեխանիկային վերաբերող աշխատանքներում տվել է առաձգական գնդերի հարվածի տեսությունը: Ելնելով միասնական սկզբունքից (տես Հերցի սկզրոնք)` արտածել է մեխանիկայի ընդհանուր թեորեմները: Նրա անունով է կոչվում տատանումների հաճախականության միավորը` հերց:
Գրկ. Григорьян А., Вяльцев А., Генрих Герц, М., 1968.
