Jump to content

ՀՍՀ/ՀԵՐՔՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՔՈՒՄ տրամաբանական գործողություն, երբ ցույց է տրվում դատողության կամ դատողությունների համակարգի (այդ թվում` տեսության, հիպոթեզի) կեղծությունը կամ չհիմնավորվածությունը: Հ., ինչպես և ապացուցումը, ունի իր թեզիսը, հիմքերը և եղանակը: Դատողության չհիմնավորվածությունը ցույց տալը, դեռևս չի նշանակում ապացուցել նրա կեղծությունը: Այդ և այլ նկատառումներով Հ. պետք է դիտել որպես ապացուցումից որոշակիորեն տարբեր ինքնուրույն տրամաբանական գործողություն: Հերքման ձևերից է հանգեցումը անհեթեթության, երբ հերքվող դատողությունից բխեցվում է մի այլ դատողություն, որի կեղծությունը հայտնի է տվյալ կշռադատությունից դուրս, և դրանով հաստատվում է հերքվող դատողության կեղծությունը: Այլ ձև է հերքվող դատողությանը հակասող դատողության ապացուցումը, որով նույնպես հաստատվում է (երրորդի բացառման օրենքի հիման վրա) հերքվող դատողության կեղծությունը:

Վ. Բաղդասարյան