Jump to content

ՀՍՀ/ՀԵՓԵՍՏՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՓԵՍՏՈՍ (հուն. "կրակի, դարբնության, կռմանն ու ձուլմանը կապված արհեստների աստվածը հին հունական դիցաբանության մեջ: Զևսի և Հերայի որդին: Հունաստանի հրաբխային շրջաններում նախապես պաշտվել է որպես ստորգետնյա կրակի աստված: Ըստ առասպելի, նորածին Հ. եղել է թուլակազմ ու տգեղ, որի համար մայրը նրան նետել է օվկիանոս: Հ–ին փրկել և դաստիարակենլ են օվկիանուհի Եվրինոմեն և Թետիսը: Չափահաս դառնալով` Հ. երկրի խորքում կառուցել է վիթխարի դարբնոց և հանքանյութերից պատրաստել բազմաթիվ օգտակար ու պերճաշուք իրեր: Իր պատրաստած որոգայթից (կախարդական կապանքներով ոսկե գահ) Հերային ազատելուց հետո Հ. հաշտվել է ծնողների հետ, կնության առել գեղեցկուհի Քարիսին (այլ տարբերակում` Աֆրոդիտեին) և բնակվել Ողիմպոսում: Զևսի անարգանքներից մորը պաշապանելու համար Հ. նետվել է Լեմնոս կղզու Մոսիքլոս լեռան կատարը և հաշմել ոտքը: Այնուհետև Լեմնոսը դարձել է Հ–ի սիրած աշխատատեղը: Կիկլոպների օգնությամբ նա պատրաստել է Զևսի շանթերը, Հելիոսի կառքը, Աքիլլեսի զենքերը, Ագամեմնոնի մականը, Էրոսի նետասլաքները, Հարմոնիայի մանյակը ևն: Հ–ին նվիրված ամենամյա տոնախմբությունները կատարվել են Լեմնոսում: Հին Հռոմում Հ. նույնացվել է իտալիկների կրակի աստված Վուլկանոսին, Հին Հայաստանում` Միհրին: Արվեստում Հ. պատկերվել է կարճահասակ, կաղ, գործավորի հագուստով, մետաղագործի մուրճը և ունելին բռնած, ջղուտ այրի կերպարանքով: